Զրույց ամերիկաբնակ գրող Արաքս Սեւանի հետ

                        Զրույց ամերիկաբնակ գրող Արաքս Սևանի հետ


Այս տարի մայիսի 21-ին Վայոց ձորի մարզային գրադարանում տեղի ունեցավ ամերիկաբնակ գրող,  բանաստեղծ Արաքս Սևանի «Սրինգ» ժողովածուի անդրանիկ շնորհանդեսը, իսկ հունիսի 30-ին՝  Ծաղկաձորի գրողների տանը, որը կազմակերպեց Հայ-Ռուսական համալսարանի հայագիտության ամբիոնը: Տարբեր բնույթի այս երկու շնորհանդեսները , որոնցից երկրորդը նաև քննարկում էր, հետաքրքիր անցան: Վայոց ձորի գրադարանում  հանդես եկան դպրոցականները, որոնց ոչ միայն դուր էր եկել Արաքսի բանաստեղծական աշխարհը, այլև փորձել էին որոշ տողեր փոխել «հարմարեցնել» իրենց հոգեվիճակին... Նրանք վերլուծում էին առանձին բանաստեղծություններ, եզրահանգումներ անում:
Գրականագետները նույնպես իրենց խոսքն ասացին, քննարկումը կարևոր էր, արժևորվեցին առանձին բանաստեղծություններ, երկխոսություն եղավ հեղինակի և գիրքն ընթերցած դասախոսների միջև: Գրքի հեղինակ Արաքս Սևանը, այդ օրերին չլինելով, Հայաստանում, այնուամենայնիվ, մասնակցեց իր նոր լույս տեսած ժողովածուի շնորհանդեսին և քննարկմանը:
Ի դեպ, գիրքը հետաքրքիր ձևավորում ունի: Տեղ են գտել  չինական վրձնի գիտակ, արվեստագետ, նկարչուհի Անուշ Բաբայանի մի շարք կտավներ:

Ես, որ գրքի խմբագիրն եմ և առաջաբանի հեղինակը, հիշում եմ՝  ինչպես ընտրեցինք գրքի խորագիրը: Եվ, իսկապես, Արաքսի պոեզիան առնչություններ ունի սրինգ կախարդական և շատ հայկական նվագարանի հետ: Շատ բանաստեղծություններ բնության ձայներ են, որոց միջոցով էլ նա բացում է հոգու վիհերը: 

Եվ որպես մեր զրուցի սկիզբ՝ կներկայացնեմ  Արաքս Սևանի «Սերը» բանաստեղծությունը.

                           Եվ ինչու սերը կարող է
                          թափառել մեր մարմնում
                        ու տուն չունենալ,
                      մոռացումի պահին
                    կարող է թրջվել
                    ամպի հալոցքից
                  ու
                գտնել հետդարձի ճամփան,
                խրվել քո լայնացած դեմքի
              լաբիրինթում,
              ուր չկա ո՛չ տուն, ո՛չ հոգու ստվեր,
            ու այրվել արևի տապից,
          թափառել կրկին,
          կարոտների չամփան աշուն երազելով:
        Ինչո՞ւ գարնան շնչով չմաղել սերը
        հոգու կտուրի տակ,
        քո սրտի կենտրոնում,
      ուր ճամփաները շարժվում են
    մեկ ուղղությամբ և չունեն հետդարձի
    ճամփա:
  Եվ ինչո՞ւ է սերը այսպես սիրում թափառել:



Անի Փաշայան.- Ի՞նչ ապրումներ ունեք հիմա, երբ Հայաստանում լույս է տեսել Ձեր ժողովածուն: Ես գիտեմ, որ տպավորված եք երկու շնորհանդեսներից էլ:


Արաքս Սևան.- Այո, ես դեռ ապրում եմ գրքիս շնորհանդեսներից ունեցած տպավորություններով, որոնց թեև չեմ մասնակցել ֆիզիկապես, սակայն դիտել և անմիջապես արձագանքել եմ առցանց: Առաջինն աչքի ընկավ աշակերտների ընկալումներով, շատ տաղանդավոր էին, որը հիանալի կազմակերպել էր Վայոց ձորի մարզային գրադարարանը, շնորհաալությունս՝ գրադարանի վարիչ Արփինե Ավագյանին: Երկրորդը գիտական մթնոլորտում էր, քանի որ «Սրինգիս» մասին արտահայտվեցին բանասեր-գիտնականները՝ Հայ-Ռուսական համալսարանի հայագիտության ամբիոնի դոցենտները /ամբիոնի վարիչ՝ գրականագետ Անի Փաշայան/: Այսպիսով՝ զգացմունքներս բավական խառն են: Երբ շփվում ես իրականության հետ և լիովին կատարված փաստի առաջ ես, արդյունքն իրեղեն է: Մի ամբողջ կյանք ապրած ապրումներիդ հետ ներկայանում ես մարդկանց, ավելի ճիշտ՝ ընթերցողիդ դիմաց և անմիջապես տեղափոխվում մի տարածք, որն անցյալ է այլևս: Երազներդ դառնում են իրականություն, երկինքը միանում է աշխարհի կենտրոնին, և հոգուդ հայելիներն այլևս քոնը չեն: Նրանք թռչում են դեպի խստապահանջ ընթերցողը: Թե որքան են քո հույզերն ընդունակ թոթովելու, այնուհետև պատրաստ լինելու խոսելու հասուն ընթերցողի հետ, ժամանակի խնդիր է: Ուրախ կլինեմ, եթե գիրքը գտնի իր ուրույն տեղը մարդկանց սրտերում և կոչվի արդի պոեզիա: Եղեգնաձորյան շնորհանդեսը պատուհան բացեց ինձ համար դեպի բանաստեղծական նոր եզերքներ, որոնցից դուրս գալ այևս հնարավոր չէ: Այն հոգևոր արժեքների հանրագումար էր ինձ համար: Ծաղկաձորյան շնորհանդեսը մեկ այլ պատուհան էր, որն օգնեց ավելի ուշադիր լինելու մտքիս և խոսքիս մշակույթին: Քննարկումների ընթացքում եղան նաև արժեքավոր դիտողություններ, որոնք ես հաշվի կառնեմ հետագա իմ գործերում: Ինքս ինձ համար հայնտաբերեցի բանաստեղծություններիցս մեկը՝ «Գրիչս» և հասկացա, որ գիտակցական հոսքն օգնում է՝ ազնվորեն ներկայացնելու ապրումը, իրականությունը, կատարվածը.

                           Իմ գրիչը հաճախ
                          հերքում է իմ էությունը.
                          գրում է առանց ինձ,
                          փիլիսոփայում է
                          սրտիս լարերին
                          ու քամում վերջինը՝
                          չտալով ոչինչ:

                          Իմ պարտքերը շատ են,
                          բայց ոչ նյութայան,
                          այլ վերին, համաստեղային,
                          ուր խուլ արբում են հույզերս բոլոր
                          և շատ անգամ ժխտման օրենքով
                          գալիս նստում են իմ գրչի ծայրին,
                          որից այն կողմ սահմանը մեկն է՝
                          ես ու հավերժությունը բառի
                          և ձգվող լռությունը օրվա:

  


Որպես խմբագիր պիտի ասեմ՝ «Սրինգը» նոր խոսք է` բանաստեղծական համարձակ ձևակերպումներով: Այն լուսի, սիրո, ջրային ուժերի սիմֆոնիա է: Իսկ Դուք ի՞նչ կավելացնեիք:

Այն ինձ շատ հարազատ է, հաճախ եմ թերթում: Այնտեղ իմ անցյալն է, ներկան: Այս ժողովածուի ծնունդից հետո ասելիքներս ավելանում են: Եվ տողս՝ «հյուսված բուրումնավետ ծաղիկներից» իրականություն դարձավ... Ես, իսկապես, կլսեմ «գարնան սիմֆոնիան»:


Ի՞նչ է բանաստեղծությունն՝ ըստ Ձեզ...

Բանաստեղծությունն ինձ համար առեղծվածն է , շատ անգամ անսահմանությունը, որտեղ կարելի է ստեղծագործել կանոնից դուրս՝ գտնվելով հոգու ու սրտի ազատության եզերքներում:


Ո՞ւմ եք հիմա կարդում, կամ գրողը արդյո՞ք պիտի կարդա այլոց գործերը, մի՞թե դա չի խանգարի գրելուն:

Գրողը պետք է անվերջ կարդա, դա նրա հոգևոր հարստության աղբյուրն է: Շատ անգամ էլ խանգարում է: Ճիշտ է, կա խոսքի ծարավ, ուզո՛ւմ ես հագենալ նոր հարստությամբ, որ բացես նոր աշխարհներ ու պատկերներ: Հիացած եմ հայ ժամանակակից պոեզիայով՝ Հուսիկ Արա,վաղամեռիկ բանաստեղծ Սիփան Շիրազ, Մարո Երկնափեշյան: Ինձ համար արդեն աղոթագիրք են դարձել Պարույր Սևակի,Եղիշե Չարենցի, Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի, Համո Սահյանի, Սիլվա Կապուտիկյանի,Մարո Մարգարյանի ժողովածուները: Հրապուրված եմ լատինաամերիկյան գրականությամբ, ավելին, հարգանքով եմ վերաբերվում ամերիկյան ժամանակակից գրականությանը: Սիրում եմ կարդալ Բուկովսկուն, անսահման տարածությունների գրող է: Հիանում եմ Գաբրիել Գարսիա Մարկեսով, «անվերջանալի» գրող է, ինչպես նաև Բորխեսով, Լորկայով:


Ինձ հայտնի է, որ փոքրուց շփվել եք մեր երևելիների հետ, լսել նրանց, զրուցել: Ի՞նչ եք հիշում:

Արդեն տասնամյակների հեռավորությունից եմ հիշում այն օրերը, որոնք  բախտավոր կարող եմ համարել. հանդիպումները մեր մեծերի հետ, որոնց հետ եղած ժամերն ու րոպեներն այսօր իմ հիշողության գոհարներն են՝ իրենց հսկայական ազդեցությամբ: Մի դեպք, սակայն, ամենից շատն է տպավորվել: Տարիներ անց միայն ես հասկացա, թե ինչու Պարույր Սևակի համար այդքան հեշտ էր կարդալ մարդու հոգին...
Անցյալ դարի 60- ականների սկզբին մենք հարենադարձվել էինք և ապրում էինք «Երևան» հյուրանոցում: Պարույրի մի այցելության ժամանակ ես երկար նայում էի նրա դեմքին և երբ ես ինչ-որ բանում համոզվելուց հետո թեքվեցի քրոջս կողմը, որ ականջին մի բան ասեմ,Պարույրը կանգնեցրեց ինձ ու ասաց. «Սպասիր, ոչինչ մի՛ ասա քույրիկիդ, ես հիմա կասեմ, թե ինչ ես ուզում ասել իրեն»: «Ի՞նչ,- ասացի, իսկ նա շարունակեց. «Ուզում ես ասել, թե այս մարդը որքան նման է արաբի»: Ես երկար ժամանակ լուռ էի: Քիչ անց աչքերս վար իջեցրի ու համաձայնվեցի: Այդ օրվանից մենք դարձանք շատ մոտիկ և հարազատ մարդիկ:


Ձեր բանաստեղծական աշխարհում անցյալը հաճախ է ներկա դառնում, մոտենում մեր օրերին: Փաստորեն,  հաճախ եք շրջում անցյալի էջերը:

Անցյալն, անշուշտ, իր խոր հետքն է թողել իմ մեջ իր բազում բարդություններով, անգամ իր իսկ ներկայով: Անցյալի գույներն այլ են՝ հաճախ ոչ բնական: Ես այստեղ տեսնում եմ իմ աբստրակտ գոյության պատկերները և միշտ վերադառնում ներկա հավերժության իրողությունից: Իմ ստեղծագործությունների մեջ նրանք՝ անցյալը և ներկան, իրենց ուրույն տեղն ունեն, իսկ տողերումս անցյալի էջերը կարմիր թելի պես անցնում են ակամա՝ առանց ինձ հարցնելու:


Ե՞րբ եք եկել Հայաստան, որը որոշ ժամանակ է միայն հանգրվան եղել, հետո նոր շրջան է սկսվել, կյանքը Ձեզ մի ափից մյուսն է տարել, որն էլ չէր կարող չանդրադառնալ Ձեր հուզաշխարհի վրա...


Հայրենադարձվել եմ անցյալ դարի 60 ականների սկզբին:Երիտասարդությունս անցել է Սովետական Հայաստանում: Ապրել եմ հրաշալի ժամանակներ Աշխարհի վերածննդի հետ միասին, վայելել Հայաստան աշխարհի բուռն վերելքներն ու սովետական շրջանի բարդությունները: Փառք եմ տալիս Աստծուն, որ 25 տարվա իմ կյանքը այդքան լեցուն է եղել, քանի որ անցել եմ այն կյանքի դարբնոցը, որով Մարդացել եմ և այսօր այն եմ, Ինչ կամ: Արտաքին աշխարհն ինձ ընդունեց հարազատորեն, քանի որ սնվել է հոգևոր հարստություններով, որով դեռ աշխարհը ինձ պիտի ճանաչեր և շատ սիրեր իմ՝ հայի այս տեսակը: Խորը անցյալը դեռ քայլում է ինձ հետ,ես լսում եմ նրա ձայները, բայց դրանք պետք է արժևորել այնպես,որ ամբողջովին հասկացվեն ընթերցողի կողմից, ինչին դեռ այնքան էլ պատրաստ չեմ: Բայց կգա և նրանց ժամանակը:


Բանաստեղծություններից մեկում զգացվում են նախնյաց պատմությունների վերապրուկները: Չե՞ք պատրաստվում ավելի լայնորեն անդրադառնալ դրանց:

Կարծում եմ՝ երբևէ կանդրադառնամ: Կան թանկ հուշեր: Ամեն բան իր ժամանակն ունի: Հատկապես երբ  առնչվում է գրին:


Որտե՞ղ եք ապրում այժմ: Ինչպիսի՞ գույներով է այդ տեղավայրը ներազդում. Չէ՞ որ բանաստեղծի համար դա կարևոր ազդակ է:


Ապրում եմ Ամերիկայի Միացյալ նահանգներում՝ Տեխաս նահանգի մայրաքաղաք Օստինում: Հոգևոր արժեքներով լեցուն քաղաք է: Այստեղ է գտնվում ամերիկյան նորավեպի փայլուն ներկայացուցիչ Օ՛Հենրիի տուն- թանգարանը: Նա շատ երկար է ապրել Տեխասում: Իմ ստեղծագործական կյանքն ավելի հարստացավ նրա տուն -թանգարան այցելությունից հետո:


Ո՞ր բանաստեղծի տողերն են հաճախ այցելում Ձեզ, կամ ո՞ր տողերը կընտրեիք որպես բնաբան Ձեր նոր բանաստեղծությունների համար:

Շատ տողեր են այցի գալիս, բայց իմ նոր գործերի համար՝ որպես բնաբան, կընտրեի Պարույր Սևակից մի քառատող, որն ինձ հարազատ է, շատ եմ սիրում. «Ծնվել եմ» բանաստեղծությունից է: Գրել է 1957-ին Մոսկվայում.

                      Եթե շուրջըս խավար լինի՝ 

                      Մարդկանց համար փայլատակեմ, 

                      Հասակով մեկ փռվեմ գետին` 

                     Վհատության ճամփան փակեմ... 



Ինչպիսի՞ն է Ձեր այսօրը:

Ստեղծագործական, իհարկե...  Եվ բարդ, քանի որ կան շատ հուզող հարցեր՝ կապված Հայրենիքիս ներկայի հետ: