Զրպարտություններն ու հարձակումները հօդս կցնդեն․Զասը՝ Ղազախստանում ՀԱՊԿ քայլերի մասին
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կարծում էր, որ Ղազախստանում նոր բախումներ չեն լինի։
 Ղազախստանում իրավիճակը կայունացել է, վերահսկողության տակ է վերցվել պետական մարմինների և ուժային կառույցների կողմից։ Այս մասին հայտարարել Է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը RT-ին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով Ղազախստանից ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի դուրսբերման մասին որոշումը։
Նրա խոսքով՝ վերջին օրերին շրջադարձ է տեղի ունեցել, սակայն երկրում իրավիճակի կարգավորման մասին խոսելը դեռ վաղաժամ է։

«Արտակարգ դրության ռեժիմը գործում է, սահմանափակող միջոցներ կան։ Չի կարելի ասել, որ երկիրն ամբողջությամբ վերադարձել է բնականոն կյանքի, այն վերադառնում է դրան», - նշել է Զասը։

Գնահատելով ՀԱՊԿ առաքելությունը Ղազախստանում՝ կազմակերպության գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ գործողությունը բավականին արդյունավետ էր և այն նպատակները, որոնք դրված էին խաղաղապահների առջև, իրականացվել են։
«Խնդիրը շատ պարզ էր՝ օգնել եղբայրական ղազախ ժողովրդին մարդկանց անվտանգության, երկրի կայունության ապահովման գործում։ Եվ այդ նպատակը պատվով է կատարվել խաղաղապահների կողմից, բայց ամենակարևորն այն է, որ նման գնահատականներ են տալիս Ղազախստանի ժողովուրդն ու նախագահը»,- ասել է Զասը։
Պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է, որ Ղազախստանը կրկին կանգնի նման աղետի, պետականության հնարավոր կորստի առջև՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ չի կարելի խոսել ինչ-որ ռևանշի կամ նոր բախումների վտանգի մասին:

«Ես գրեթե վստահ եմ, որ դա անհնար է, քանի որ, առաջին հերթին, իրավիճակը վերահսկողության տակ է։ Երկրորդ՝ այժմ մեծ աշխատանք է տարվում կատարվածի ամբողջ պատկերը, բոլոր մասնակիցներին պարզելու ուղղությամբ։ Համապատասխանաբար միջոցներ կձեռնարկվեն Ղազախստանի Հանրապետության օրենքի շրջանակներում։ Եվ, իհարկե, այս իրավիճակում բոլորն իրենց համար հետևություններ են արել՝ ոչ միայն ղազախ ժողովուրդը, այլև երկրի ղեկավարությունը»,- կարծում է Զասը։

Նրա խոսքով՝ այն ամենը, ինչ արել են խաղաղապահները, օգուտ է տվել Ղազախստանին, իսկ ՀԱՊԿ ուժերի դուրսբերումից հետո բոլոր զրպարտություններն ու հարձակումները, որոնք կապված են երկիր զորակազմ ուղարկելու որոշման հետ, ուղղակի հօդս կցնդեն:
Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը ստորագրել էր երկրի կառավարության հրաժարականի մասին հրամանագիրը։
Նույն օրը Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն էր մտցրել։ Նա օգնության համար դիմել էր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որն այս տարի նախագահում է Հայաստանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ էր ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կար Հայաստանից։
ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմի դուրսբերումը Ղազախստանից սկսվել է հունվարի 13-ին:
ՀԱՊԿ-ում ընդգրկված են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը: