Զինծառայողների միջեւ թյուրիմացաբար տեղի է ունեցել փոխհրաձգություն, կրակոցներ են հնչել նաեւ ադրբեջանական կողմից․ զոհ և վիրավոր ունենք

Մարտի 31-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, ՀՀ հարավարևելյան սահմանագոտում ծայրահեղ ցածր տեսանելիության պայմաններում ՀՀ ԶՈՒ զինծառայողների միջեւ թյուրիմացաբար տեղի է ունեցել փոխհրաձգություն: Հընթացս կրակոցներ են հնչել նաեւ ադրբեջանական կողմից: Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

«Միջադեպից հետո հայտնաբերվել է ՀՀ ԶՈւ ժամկետային  զինծառայող Հրաչյա Արայի Սարուխանյանի մարմինը՝ հրազենային մահացու վնասվածքով: Եւս մեկ զինծառայող ստացել է վիրավորում. վիրավորում ստացած զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում:  Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն:  Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Հրաչյա Սարուխանյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», - նշվում է հաղորդագրությունում։