Ընդդիմությունը չի մասնակցի 44-օրյայի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովի աշխատանքներին
Ընդդիմության ներկայացուցիչների խոսքով`ստեղծված հանձնաժողովը չի կարող օբյեկտիվորեն քննել 44-օրյա պատերազմի հանգամանքներն։
ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով աշխատանքներին: Տեղեկությունը հայտնում են «Հայաստան» դաշինքից։
«Միաժամանակ հայտնում ենք, որ 44-օրյա աղետալի պատերազմի արդյունքների մեղավորների բացահայտումը մնում է «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների գլխավոր առաջնահերթություններից մեկը»,–նշված է հաղորդագրության մեջ:
Ընդդիմության ներկայացուցիչները պարզաբանում են, որ իրենց որոշման պատճառն այն է, որ իշխանությունները չեն կարող օբյեկտիվորեն քննել իրենց իսկ գործողությունները։ Նշվում է, որ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը` իր նախագահությամբ, որի կազմում գործելու է քննիչ հանձնաժողովը, առհասարակ զուրկ է որևէ կերպ օբյեկտիվ լինելու հնարավորությունից։
Հիշեցնենք, որ երեկ`փետրվարի 10–ին, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ ՀՀ Ազգային ժողովում քննիչ հանձնաժողով է ստեղծվել։
Թե ովքեր են ընդգրկված հանձնաժողովում, դեռ հայտնի չէ։
Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը դեռ 2021 թվականի հոկտեմբերին ասել էր, որ քննիչ հանձնաժողովի աշխատանքները հապաղում են «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Ղազինյանի պատճառով։ Ըստ Քոչարյանի` Ղազինյանը չի ներկայացրել գաղտնի տեղեկություններին տիրապետելու թույլտվության համապատասխան փաստաթղթերը։
Նման հանձնաժողով ստեղծելու մասին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր նախորդ տարվա հուլիսի 26-ին։