Եվրախորհրդարանը չի ճանաչել արցախյան 44-օրյա պատերազմի ելքը. Մարինա Կալյուրանդ
Խաղաղությունը պետք է ձեռք բերվի միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո` բանակցությունների միջոցով։
Եվրախորհրդարանը չի ճանաչել արցախյան 44-օրյա պատերազմի ելքը։ Այսօր Երևանում անցկացվող Եվրանեսթի ԽՎ բյուրոյի նիստում այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը։

«Թույլ տվեք շատ հստակ ասել, որ Եվրախորհրդարանը չի ճանաչել պատերազմի ելքը։ Մենք շատ հստակ ասել ենք, որ պատերազմը երբեք ընդունելի լուծում չէ։ Եթե մենք այստեղ փորձում ենք քննարկել կայուն, երկարաժամկետ խաղաղության հարցը, ապա այդ խաղաղությունը պետք է ձեռք բերվի միայն ԵԱՀԿ-ի, ավելի ճիշտ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո` բանակցությունների միջոցով»,– ասաց Մարինա Կալյուրանդը` հիշեցնելով, որ այս դիրքորոշումը վերահաստատվել է ԵԽ–ում անցյալ շաբաթ ընդունված բանաձևով։

Կալյուրանդը նաև հավելեց, որ խնդրի լուծում կարող են լինել այնպիսի համատեղ փոքր քայլերը, ինչպիսիք են սահմանազատման գործընթացը, փոխադարձ վստահությունն ու հարգանքը։ Այն, ինչը, նրա խոսքով, այսօր չի բավարարում։
Պատվիրակության ղեկավարն իր ելույթում կողմերին կոչ արեց ձեռնպահ մնալ վիրավորական ու բևեռացնող արտահայտություններից։
«Մենք այստեղ ենք, որպեսզի օգնենք ձեզ, բայց խնդիրը ստիպված կլինեք լուծել ինքներդ, խնդրի լուծումը դուք պետք է գտնեք»,– ասաց Կալյուրանդը։
Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին Երևանում անցկացվում է «Եվրանեսթի» նիստերը։ Արևելյան գործընկերության երկրները ռոտացիայով են անցկացնում Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի նիստերը։ Հիմա հերթը Երևանինն է։ Նիստերին մասնակցելու համար Երևան են ժամանել նաև 2 ադրբեջանցի պատգամավոր` Թահիր Միրկիշիլին և Սոլթան Մամեդովը։