Եթե խաղողի գինը 120-ից չբարձրանա, խաղողը կբերենք կառավարության շենքի մոտ, թող օգտվեն․ բողոքի ակցիա անող խաղողագործները հանդիպում են կառավարության ներկայացուցիչների հետ

Խաղողագործները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով բարձրացնել խաղողի մթերման գինը։

«Կառավարությունը մեզ ամեն օր խաբում, ճանապարհում է՝ սկսած անցյալ տարվանից։ Անցած տարի համոզեցին մեզ, որ 130 դրամով խաղողը մթերեն, կառավարությունն էլ իբրև, թե աջակցեց գործարաններին։ Հիմա շահարկում  են, թե իբրև Ուկրաինայում, մեր երկրում պատերազմ է։ Բոլորս էլ հասկանում ենք, որ երկրում պատերազմ է, բայց իմ ընտանիքից 4 հոգի 8 ամիս աշխատել է այդ խաղողի վրա, բոլորս էլ գիտենք ինչքան աշխատատար է խաղողը։

Հիմա կառավարությունը իմ ու ընտանիքիս 8 ամսվա աշխատանքը հավասարեցնում է 0-ի։ Խաղողի մշակման համար էլ վարկով 6 մլն դրամ եմ վերցրել, հիմա դա էլ է զրոյանում։ Պետությունը ոչ մի կերպ կանգնած չէ մեր կողքին»,- լրագրողների հետ զրույցում ասաց խաղողագործներից մեկը։

Նա նշեց, որ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մոտ մեկ ամիս առաջ հանդիպել էր իրենց և հավաստիացրել, որ խաղողի գինը 120 դրամից բարձր է լինելու։

«Ուրբաթ օրը մարզպետը հավանաբար իրենց հետ խորհրդակցելուց հետո, մեզ հայտնել է, որ գինը որոշվել է 120 դրամ, բնականաբար մենք համաձայն չէինք, եկանք կառավարություն, դե կառավարության պատասխանն էլ տեսաք՝ Քերոբյանը ասում է պատերազմ է  և այլն, լավ հիմա մենք ի՞նչ անենք, թողնենք գնա՞նք երկրից»,- ասաց նա։

Ակցիայի մասնակիցները նշեցին, որ մարզպետը կառավարության շենքում է՝ խորհրդակցության, խաղողագործներին կառավարության պատասխանը փոխանցելու համար։

Հարցին, եթե կառավարությունը այնուամենայնիվ առաջարկի 120 դրամով մթերել խաղողը, ինչ գործողությունների են պատրաստվում դիմել, խաղողագործը ասաց․

«Այսպես, թե այնպես մենք արդեն սովի ենք մատնվում, կհավաքենք այդ խաղողը կբերենք կլցնենք, այստեղ թող իրենք օգտվեն»։