Ես ողջունում եմ ՀԱԿ-ի որոշումը՝ մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Այս մասին այսօր՝ մայիսի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
«Անկախ իմ գնահատականից, իմ վերաբերմունքից Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ, ես գտնում եմ, որ ՀԱԿ-ում կան բազմաթիվ քաղաքական գործիչներ, որոնք իրենց օրինակով, իրենց պահվածքով, գիտելիքներով կարող են օգտակար լինել մեր հայրենիքի կառուցմանը, զարգացմանը: Ես հաջողություն եմ ցանկանում իրենց: Իհարկե, ոչ այնքան, որ մեզ հաղթեն: Այդպիսի մարդիկ պետք է լինեն խորհրդարանում, որոնք քաղաքական ու գաղափարական հենքով են շաղախված իրար հետ, ոչ թե ուրիշ հենքով: Այդպիսի մարդկանց հետ եւ բանավեիճելն է հեշտ, եւ այս կամ այն հարցի շուրջ բուռն քննարկումների արդյունքում կարող են գալ ինչ-որ եզրահանգման: Իսկ այն մարդիկ, որոնք միավորվել են լրիվ ուրիշ շաղախով, իրենց հետ դժվար է: Ասենք, եթե դու ֆուտբոլ ես խաղում, իսկ դիմացինդ ռեգբի, դու չես կարող խաղալ ու հաղթել: Պետք է բոլորը ֆուտբոլ խաղան, որ կարողանաս այդ օրենքներով շարժվես»,-ասաց նա: