Ռուսաստանցի և ուկրաինացի սամբիստները Երևանում կայանալիք աշխարհի առաջնությունում ռուս և ուկրաինացի սամբիստների միջև ձեռքսեղմում չի լինի։
Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են Սամբոյի միջազգային ֆեդերացիայի (FIAS) գործադիր կոմիտեից։ Բացի այդ, բելառուսցի և ուկրաինացի մարզիկների միջև ևս ձեռքսեղմում չի լինի։
Այս որոշումն ընդունվել է FIAS -ի գործադիր կոմիտեի նիստում։
«FIAS - ի գործադիր կոմիտեի որոշման համաձայն՝ 2023 թվականի սամբոյի աշխարհի առաջնությունում (Հայաստան, Երևան) չեն կիրառվի FIAS - ի սամբոյի միջազգային կանոնների 24.2 և 24.6 հոդվածները (ձեռքսեղմման մասով) Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի, կամ Բելառուսի Հանրապետության և Ուկրաինայի հավաքականի մարզիկների միջև մենամարտերից առաջ և հետո», - հայտնել են FIAS-ում:
Նշենք, որ սամբոյի աշխարհի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 10-12-ը Երևանում։ Մրցաշարին կմասնակցեն 65 երկրների ներկայացուցիչներ։
Մեդալներ կշնորհվեն 21 քաշային կարգերում։