Երևան-Մեղրի մայրուղու երթևեկությունը վերականգնվել է․ բեռնատարների վարորդները բացել են ճանապարհը

Երևան-Մեղրի մայրուղում վերականգնվել է բնականոն երթևեկությունը։ Այս մասին հայտնում են Սյունիքի մարզպետարանը։

«Երեկ կեսօրից մինչ այս պահը Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, մարզպետի խորհրդական Կարեն Բալյանը, ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Ալիկ Մամիկոնյանը, ՀՀ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետի տեղակալ Էդգար Պետրոսյանը գտնվել են Մ2 միջպետական մայրուղում և զրուցել բեռնատարի վարորդների հետ։ Ներկա պահին մայրուղում վերականգնվել է բնականոն երթևեկությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է բեռնատարների վարորդներն ակցիա էին անում՝ Սիսիանի հատվածում փակելով Երևան-Մեղրի ավտոճանապարհը։

Նրանք բողոքում էին բեռնատարները կշռելու որոշման դեմ՝ պահանջելով տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն քաշը 26 տոննայից դարձնել 28 տոննա։