Խնդրում եմ չքաղաքականացնեք, մենք քաղաքականության հետ գործ չունենք, այստեղ գրեթե բոլոր աշխատողները, համարյա 700-800 տնտեսություն, որոնց ընտանիքում կան 10-ից ավելի անդամներ, 30 տարի անընմեջ աշխատում են տվյալ շուկայում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով «Մալաթիա» տոնավաճառի փակմանը, ասաց տոնավաճառի աշխատակիցների մեկը։
«Բոլորս պարտքեր ունենք, ուսանողներ, հիվանդներ, այդ բոլորին այս շուկան է պահում, շատերը չէ, որ կարողանում են խանութներից առևտուր անեն, գալիս են այստեղ, ժողովրդին մենք պետք ենք, թող մեր հաճախորդներն էլ միանան մեր ակցիային։ Հիմա մեզ թույլ չեն տալիս, որպեզի մենք աշխատենք, պահենք մեր տնտեսությունը։ Մեր պետությունը այնքան է առաջ գնացել, որ մեր հարկերը պետք չեն իրեն։ Սա ոչ թե շուկա է, այլ մեր ընտանիքն է, մենք 30 տարի իրար հետ աշխատում ենք: Էստեղ անասնագոմ է եղել, մեր փողերով է կառուցվել տոնավաճառը: Եթե հարցը հրդեհային անվտանգությունն է, ժամանակ տվեք, մի՞թե սա չի կարելի կարգավորել: Մեզ ժամանակ տվեք, որ կարգավորենք իրավիճակը, եթե ինչ-որ բան այն չէ: Այստեղ կապրիզի հարց չէ: Թող մի քիչ էլ ժամանակ տան»,- ասաց աշխատակիցը:
Նա նաև դիմեց վաչապետին՝ ասելով․
«Պարոն վարչապետ, պարոն Մարուքյան, պարոն Բաբաջանյան, դուք ընտրությունների ժամանակ եկաք շուկա, մենք ձեզ լսեցինք, մենք ձեզ ընտրել ենք, եկեք սրա պատասխանը տվեք: Մենք պահանջում ենք՝ գալ այստեղ: Երբ դուք նեղն եք ընկնում, ասում եք՝ ժողովուրդը մեր թիկունքին է: Հիմա էլ դուք եկեք, կանգնեք մեր թիկունքին»:
Հիշեցնենք, որ «Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցները հավաքվել են տոնավաճառի տարածքում և տոնավաճառը փակելու որոշման դեմ բողոքի ակցիա են իրականացնում։