Այս տարի Հայաստանն առաջին անգամ մասնակցում է Եվրոպական Միության Գրական մրցանակաբաշխությանը: Հայաստանը ներկայացնող եւ մրցանակին հավակնող 5 հայ հեղինակներն են Արամ Ավետիսը, Արամ Պաչյանը, Անուշ Սարգսյանը, Հովիկ Աֆյանն ու Լուսինե Խառատյանը:
Մրցանակաբաշխության մասնակից արձակագիր, Արամ Ավետիսը «Հայկական ժամանակի» հետ զրույցում խոստովանեց, որ մրցանակաբաշխությանը շատ անլուրջ է վերաբերվում, ավելին՝ արձակագիրը չի էլ պատրաստվում ներկա լինել վաղը գրախանութ-սրճարանում կազմակերպվելիք հանդիպմանը, որտեղ զրուցելու են մրցանակի թեկնածուների ստեղծագործությունների եւ, առհասարակ, ԵՄ Գրական մրցանակի մասին։ Նա նաեւ ասաց, որ եթե նույնիսկ ընդգրկված չլիներ, դրանից իր տրամադրությունը չէր էլ փոխվի:
«Աշխատանքի վայրում էի, երբ ինձ զանգահարեցին ու ասացին, որ «Երբ առնետները կարդալ գիտեին» գիրքս ընկել է ԵՄ Գրական մրցանակաբաշխության շորթ լիստի մեջ: Ես ինքս չեմ ներկայացել, ինձ ներկայացրել են: Զանգեցին, շնորհավորեցին, բայց ես ինքս ինձ ցավակցեցի»,- ասաց Արամ Ավետիսը:
Գրողի համոզմամբ՝ նման մրցանակաբաշխությունները ոչինչ չեն տալիս, որովհետեւ անիվը պտտվում է ու անընդհատ նույն փոսում ջարդվում. «Կարծում եմ՝ այս մրցույթին էլ անիվը պտտվելու է ու իմ ենթադրած հեղինակների վրա կոտրվի»:
Ըստ Արամ Ավետիսի՝ գրողը պիտի զբաղվի իր գործով, գրի: Թե իր անունը որտեղ կհայտնվի կամ մրցանակ կտանա, թե չէ, էական էլ չէ: Ո՛չ մրցանակ ստանալով է մարդ գրող դառնում, ո՛չ էլ չստանալով՝ դադարում գրող լինել. «Անկախ ժյուրիի վերաբերմունքից ու հավաքներից՝ գրողն առաջին հերթին պիտի շատ անկախ մարդ լինի: Վերջին հաշվով կարդացողը կարդալու է, իսկ այն մարդը, որը չի հետաքրքրվում, շարունակելու նույն ոգով»:
Արամ Ավետիսը արձանագրեց՝ Հայաստանում հասարակությունն արհեստականորեն է հետաքրքրվում որեւէ գրողի ստեղծագործությամբ, եւ կոնկրետ այս դեպքում էլ հետաքրքրությունը ոչ թե ստեղծագործության հանդեպ է, այլ մրցանակաբաշխության հեղինակության. «Ինձ համար շատ տխուր է, երբ նույն ազգային գրադարանն առնում է իմ գիրքը, երբ իմանում է, որ հայտնվել եմ այդ ցուցակում: Այսինքն՝ մարդկանց պետք են Եվրոպայից ինչ-որ կասկածելի հեղինակություններ, որ դրանից հետո նոր հասկանան՝ իրենց կողքին մարդիկ կան, որոնք ստեղծագործում են: Եթե այդ անուններն ու երրորդ կլասի մրցանակաբաշխությունները չլինեն, փաստորեն, մարդկանց գրածով չեն էլ հետաքրքրվում: Մեծ հաշվով մարդկանց այս մրցանակաբաշխությունն էլ չի հետաքրքրում, հաշվի առնելով այդ ամեն ինչն ու դրա շուրջ, այսպես ասած, «շուխուռը»՝ ինձ էլ դա չի հետաքրքրում»:
Հարցին, թե ինչո՞ւ ԵՄ մրցանակաբաշխությունը չի հետաքրքրում, կամ ինչո՞վ է պայմանավորված մրցանակի հանդեպ նման վերաբերմունքը, Արամն ասաց. «Սա Եվրոպական մրցանակ է, որտեղ ամեն տարի լոտոյի պես ընտրում են մի քանի երկիր: Այսինքն՝ Հայաստանն այս տարի ընկել է այդ ցանկի մեջ, մասնակցում է, մյուս տարի չի ընկնի՝ չի մասնակցի: Հասարակությունը կարիք ունի հեղինակությունների ու դրսից եկած մրցանակաբաշխությունների, բայց չէ որ մեզնից բացի (նկատի ունի մրցանակաբաշխությանը մասնակցող մյուս 4 գրողներին. հեղ), այստեղ ապրում են այլ ստեղծագործողներ, միգուցե այդ 5-ից շատ ավելի լավ են ստեղծագործում: Բայց քանի որ այս «կռուգում» չկան, ընդգրկված չեն»:
Արամ Ավետիսը նաեւ դժգոհեց ԵՄ-ի մոտեցումներից. «Ժյուրիի կազմում են այս գրքի հրատարակիչն ու իմ գրական գործակալը, որոնք ավտոմատ չէին կարող ինձ ձայն տալ: Լավ կլիներ, որ երեքն էլ որեւէ կապ ունենային գրքիս հետ, որ միանգամից 5 անդամ չկարողանային ձայն տալ: Սա էլ եվրոպական փառատոնի մոտեցումը»:
Հայաստանում, ըստ Արամ Ավետիսի, գրողը գրական մրցանակների պիտի մասնակցի միայն նրա համար, որ տրամադրությունը բարձրացնի, նայի ու ծիծաղի: Հայաստանյան շուկայում ոչ ոք չգիտի, թե ինչ է տեղի ունենում, ոչ ոք չգիտի, թե ով է լավ գրող կամ ով՝ վատ, որովհետեւ չկան լուրջ մասնագետներ: «Մեզ մոտ կան հեղինակություններ, որոնք անուն են հանել, որ իրենք լավն են: Այդ մարդկանց լավ լինելը դեռ երկար կշարունակվի, որովհետեւ հասկացողները քիչ են»,- հավելեց նա:
Արձակագրից հետաքրքրվեցինք, թե վաղվա միջոցառմանը չէ՞ր ուզի գնալ գոնե նրա համար, որ ծանոթանար իր ընթերցողների հետ, վերջինս ասաց. «Ես իմ ընթերցողների հետ ծանոթ եմ, իհարկե, ոչ բոլորի: Բայց քանի որ Հայաստանում գրականությունը դեռ հիմնված է ընկերության ու բարեկամության վրա, կարելի է հասկանալ, թե մոտավորապես ովքեր են քո ընթերցողները: Մեզ մոտ գրականությունը դեռ ախպերության մակարդակի վրա է. ծանոթ, ընկերություն, ախպերություն, իրար համար դոշ տալ: Ու կապ չունի՝ քո ծանոթը լավ է գրում, թե վատ, հավանում ես, թե չէ, միեւնույն է, քո գործն իրեն «առաջ բրթելն է»: Հիմիկվա գրականությունը «բրթոցի» է, իսկ ես չեմ ուզում այդ «բրթոց»-ուն մասնակցել»:
Արամ Ավետիսը կարծում է, որ չի հաղթելու այս մրցույթում եւ դա համարում է իր լավագույն ձեռքբերումը. «Ներքին համոզմունք ունեմ: Մյուս 4 գրողներին կարող եք ասել, որ հանգիստ քնեն»: Անդրադառնալով հարցին, թե ով կարող է հաղթող լինել, ասաց. «Մոտավորապես պատկերացնում եմ»:
ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ դեռեւս 2018 թվականին Հայաստանը՝ ՀՀ մշակույթի նախարարության համակարգմամբ (այժմ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն), պաշտոնապես միացել է «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին: Այն Եվրոպական հանձնաժողովի կողմից իրագործվող մշակույթի ֆինանսավորման ամենամեծ նախագիծն է, որը ֆինանսավորում է նաեւ 2009 թվականին մեկնարկած Եվրոպական Միության գրական մրցանակը (EUPL): Նախաձեռնությունն ամբողջ Եվրոպայում հանրահռչակում է ճանաչման ուղին բռնած արձակագիրներին։ Մրցանակը յուրաքանչյուր երկրից շնորհվում է ամեն տարի ընտրված մեկական հեղինակի։ 2021 թ․-ին այդ երկրները 14-ն են:
Հավելենք, որ Եվրոպական Միության գրական մրցանակի արժանացող հեղինակը կստանա դրամական պարգեւ եւ միջազգային հանրահռչակման հնարավորություններ: Գումարի չափը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից մեզ չհաջողվեց ճշտել: Ըստ մասնակցի՝ 5000 եվրոյին համարժեք գումարի մասին է խոսքը (3 միլիոն 100 հազար դրամ):
ՀԳ. Ստորեւ ներկայացնում ենք Եվրոպական Միության Գրական մրցանակի ներկայացված 5 հայ հեղինակների ստեղծագործությունները՝
Արամ Ավետիս, «Երբ առնետները կարդալ գիտեին» (When Rats Could Read), հրատարակիչ՝ «Ակտուալ արվեստ» հրատարակչություն
Արամ Պաչյան, «P/F», հրատարակիչ՝ «Էջ» հրատարակչություն
Անուշ Սարգսյան, «Անոն (Anon)», հրատարակիչ՝ «Անտարես» հրատարակչություն
Հովիկ Աֆյան, «Կարմիր» (Red), հրատարակիչ՝ «Անտարես» հրատարակչություն
Լուսինե Խառատյան, «Անմոռուկի փակուղի» (The Dead End Forget-me-not), հրատարակիչ՝ «Գրանիշ» հրատարակչություն:
Հարցազրույցը՝ Արմթայմս․քոմ կայքի