ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններին հետևելու է իրավական, օրենսդրական դաշտին և դրա կիրառմանը, ինչպես նաև՝ քարոզարշավի ընթացքին, ընտրական մարմինների և համապատասխան պետական մարմինների աշխատանքին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաքելության աշխատանքներից մանրամասներ հայտնեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Օուեն Մըրֆին Երևանում՝ առաքելության աշխատանքի մեկնարկի առիթով հրավիրված ասուլիսում:
Օուեն Մըրֆին տեղեկացրեց, որ իրենց առաքելությունը Հայաստանում է իշխանությունների պաշտոնական հրավերով, որպեսզի հետևեն, թե Հայաստանը, հանդիսանալով Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության մասնակից պետություն, որքանով է կատարում իր ստանձնած պարտավորությունները:
Առաքելությունը կազմված է լինելու 11 միջազգային փորձագետից, որոնք ներկայացնելու են ԵԱՀԿ 9 մասնակից պետություններ, աշխատելու են Երևանում: «Մենք նաև խնդրել ենք ԵԱՀԿ մասնակից երկրներին, որ իրենք գործուղեն 24 երկարաժամկետ դիտորդներ, որոնք իրենց աշխատանքը երկրում կսկսեն մայիսի 26-ից: Մենք նախատեսում ենք նաև ԵԱՀԿ մասնակից երկրներին խնդրել Հայաստան ուղարկել 250 կարճաժամկետ դիտորդներ, որոնք ընտրությունների օրը կհետևեն ընտրական գործընթացներին»,-ասաց առաքելության ղեկավարը:
Սակայն, կարճաժամկետ դիտորդներ ուղարկելու հնարավորությունը կախված է լինելու կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակի գնահատականներից, այդ թվում ճամփորդելու և սահմանների հետ կապված սահմանափակումներից, որոնք կգործեն ԵԱՀԿ տարածաշրջանում, ինչպես նաև Հայաստանում գործող առողջապահական կարգավորումներից:
«Մեր առաքելությունը գնահատելու է, թե որքանով են ընտրությունները համապատասխանում
ժողովրդավարական ընտրությունների չափանիշներին և այդ մասով ստանձնած միջազգային պարտավորություններին: Դա ենթադրում է նաև ԵԱՀԿ բոլոր երկրների կողմից ստանձնած պարտավորությունները և համապատասխանությունը ազգային օրենսդրությանը: Դիտորդները հետևելու են իրավական, օրենսդրական դաշտին և դրա կիրառմանը, ինչպես նաև հետևելու են քարոզարշավի ընթացքին, ընտրական մարմինների և համապատասխան պետական մարմինների աշխատանքին, այդ թվում՝ անդրադառնալու են ընտրողների հաշվառման, գրանցման հարցերին և ընտրական վեճերի լուծմանը: Մեդիա մոնիտորինգը ևս կազմելու է այս դիտորդական առաքելության անբաժան մաս»,-ասաց Մըրֆին:
Ընտրության օրը առաքելությունը մեկտեղելու է իր ջանքերը՝ ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի ուղարկած պատվիրակության հետ: Առաքելությունն աշխատանքի ընթացքում հրապարակելու է միջանկյալ հաշվետվություն, իսկ ընտրությունների հաջորդ օրը կլինի մամուլի ասուլիս, որի ընթացքում կներկայացվի հայտարարությունը՝ նախնական բացահայտումների և եզրահանգումների վերաբերյալ: Իսկ ընտրական գործընթացների ավարտից հետո՝ մոտ 2 ամիս անց կհրապարակվի վերջնական հաշվետվություն, որտեղ կամփոփվեն ողջ ընտրական գործընթացի դիտորդության արդյունքները:
Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են հունիսի 20-ին: