Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան և Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը երկկողմանի համաձայնությամբ դադարեցնում են համագործակցությունը. իսպանացի մասնագետն այլևս չի գլխավորի Հայաստանի ազգային հավաքականը: Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ-ից:
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը սեպտեմբերի 28-ին հանդիպել է Խոակին Կապառոսի հետ, քննարկել Հայաստանի ազգային հավաքականի այս տարվա ելույթները։ Հանդիպման ընթացքում փոխադարձ համաձայնություն է ձեռք բերվել չշարունակել համագործակցությունը։
Արմեն Մելիքբեկյանը հանդիպման ընթացքում շնորհակալությունն է հայտնել իսպանացի մասնագետին իր աշխատանքի, Հայաստանի Հանրապետության համար դժվարին օրերին ազգային հավաքականի կողքը մնալու, աշխատանքի ընթացքում մարդկային լավագույն որակներ և բարձր պրոֆեսիոնալիզմ դրսևորելու համար:
Խոակին Կապառոսի գլխավորությամբ Հայաստանի ազգային հավաքականն առաջին անգամ իր պատմության ընթացքում հաղթեց պաշտոնական մրցաշարում՝ գրավելով առաջին տեղը Ազգերի Լիգայի C դիվիզիոնի իր խմբում: Իսպանացի մասնագետի գլխավորությամբ Հայաստանի ազգային հավաքականն ունեցավ իր պատմության ամենաերկար անպարտելի շարքը՝ 9 խաղ: 66-ամյա մասնագետի գլխավորությամբ Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց մի շարք տպավորիչ հանդիպումներ Աշխարհի Գավաթի որակավորման փուլում՝ հիանալի էմոցիաներ պարգևելով երկրպագուներին։
Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի ղեկավարությունը, Խոակին Կապառոսի հետ համատեղ աշխատած անձնակազմը ևս մեկ անգամ իրենց խորին շնորհակալությունն են հայտնում իսպանացի մասնագետին կատարած աշխատանքի համար և նորանոր հաջողություններ մաղթում հետագա կարիերայի ընթացքում: