Շնորհավո՛ր տոնդ, ի՛մ Հայաստան:
Սեպտեմբերի 21ը մեր դարավոր իղձերի, հայրենիքի հանդեպ մեր անձնուրաց սիրո դրսևորումն է: Տարիներ շարունակ մենք բախվել ենք բազում արհավիրքների, և այսօր առավել քան երբևէ վտանգված է մեր սիրասուն, ազատ և անկախ Հայաստանը: Բայց և այսօր ավելի քան երբևէ ուժեղ է հայի ՝ ազատ, հզոր, երջանիկ ու հպարտ հայրենիք ունենալու կամքը, ձգտումն ու նպատակը: Ազատ է նա, ով խիզախ է, իսկ մենք մեր խիզախությունն ապացուցել ենք դարերով: Մեր մեջ մեր պապերի արյունն է հոսում, մեր կապը մեր արմատների հետ ամուր է, և մենք կառչած ենք մեր հողից, մեր անցյալից. մեր երկրի կանչը մեր հոգում է , որտեղ էլ որ մեզ տանի կյանքի ճանապարհը, որովհետև մենք քաջերի սերունդերն ենք և մենք հպարտ ենք, որ հայ ենք: Անկախությունը բացարձակ արժեք է և ամենօրյա աշխատանք, որին պետք է լծվենք բոլորս՝ անկախ մեր հայացքներից և տարակարծությունից: Հենց սա է, որ մեզ դարձնում է մեր հայրենիքի տերը, այն հայրենիքի, որի համար մեր հայորդիները անմնացորդ նվիրել և նվիրում են իրենց կյանքը: Եվ մեր կռիվը շարունակվում է աշխարհի հետ, մեզ բախտ հասած ճակատագրի հետ, բայց մենք հաստատակամ ենք ազատ և անկախ ապրելու մեր որոշման մեջ, մեր ձգտումն անսասան է: Որքան էլ վիրավոր լինի մեր հայրենիքը , միևնույն է, ոտքի է կանգնելու, որովհետև հայն անպարտ է, կա և լինելու է հավերժ՝ ազատ, անկախ, հպարտ և ամուր կանգնած իր մայր հողին: