Որոշել ենք, որ Արսեն Թորոսյանն իր գործունեությունը կշարունակի ԱԺ-ում. Նիկոլ Փաշինյան

Արսեն Թորոսյանը վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնն ստանձնեց չափազանց բարդ մի ժամանակաշրջանում և պատվով կատարեց իր առջև դրված խնդիրը. եւ պիտի արձանագրեմ, որ ես գոհ եմ պարոն Թորոսյանի կատարած աշխատանքից: Այս մասին, այսօր՝ հուլիսի 1-ին, կառավարությունում վարչապետի աշխատակազմի նոր ղեկավար Արայիկ Հարությունյանին ներկայացնելու ժամանակ նշել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Ինչպես պարոն Հարությունյանը, այնպես էլ պարոն Թորոսյանը մեր քաղաքական թիմի առանցքային ներկայացուցիչներն են, և քաղաքական քննարկումների արդյունքում, այդ թվում պարոն Թորոսյանի ցանկությունները հաշվի առնելով, մենք որոշել ենք, որ նա իր հետագա գործունեությունը կշարունակի Ազգային ժողովում՝ օրենսդիր մարմնում»,-ասել է Փաշինյանը:

Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին՝ իրեն այդ պատասխանատու առաքելությունը վստահելու համար, ինչպես նաև այն չշարունակելու և գործունեությունն Ազգային ժողով տեղափոխելու իր դիմումը չմերժելու համար: