Որոշ դեղերի պաշարը 10 օրվա է. Ստեփանակերտի հիվանդանոցում դրանց պակասը կարող է կյանք արժենալ

Արցախի առողջապահական համակարգում իրավիճակը վատթարանում է ժամ առ ժամ. Բժիշկների 24-ժամյա աշխատանքն ու ամենօրյա պայքարը բավարար չեն, երբ Ադրբեջանն Արցախում աշխատող միակ մարդասիրական կառույցին արգելում է անգամ դեղորայք տեղափոխել:

«Հանրապետական բժշկական կենտրոնում այժմ ունենք 79 բուժառու, որոնցից 8-ը վերակենդանացման բաժանմունքում են, նրանցից 5-ի վիճակը ծայրահեղ ծանր է: Սա մեր կենտրոնի համար ցածր թիվ է, որովհետեւ երբ մենք պլանային վիրահատություններ եւ ընդունելություն էինք իրականացնում, ունենում էինք 100-1420 բուժառու»,-ասել է ԲԿ-ի գործադիր տնօրեն Մհեր Մուսայելյանը:

Հուլիսի 7-ից դադարեցված են  բոլոր պլանային վիրահատություներն ու հետազոտությունները, դեղորայքն օգտագործվում է պահուստային ռեզերվներից, բայց դրանք էլ անսպառ չեն, որոշ բուժառուների համար դեղի բացակայությունը կարող է կյանքի գին ունենալ:

 «Ունենք լուրջ խնդիր կապված հեմոդիալիզի բաժանմունքի հետ, քանի որ հայտնի է, որ Արցախում 44 հոգի  գտնվում են ծրագրային հեմոդիալիզի վրա: Այժմ այդ հիվանդներն ունեն մաքսիմում 10 օրվա պաշար: 10 օրից ճակատագրական եզրին կկանգնենք այդ 44 հիվանդների համար»,-ասել է Մուսայելյանը:

Այս պահին ԲԿ-ում 3 բուժառու շտապ կարիք ունեն Հայաստանի մասնագիտացված ԲԿ-ներ տեղափոխման: Այժմ նրանք բժիշկների հսկողության տակ են, մինչեւ Կարմիր խաչի ուղեկցությամբ հնարավոր կլինի նրանց տեղափոխել Հայաստան: Նրանցից մեկը ուռուցքային հիվանդություն ունի, պետք է Երեւանում ճառագայթային բուժում ստանա: