Ոչնչացվել է Ռովնոյի մերձակայքում գտնվող խոշոր զինանոցը․ ՌԴ ՊՆ նոր ամփոփագիրը
ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը նոր տեղեկություններ է ներկայացրել Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքի մասին:
Ռուսաստանի ԶՈւ–ն երեկ ծովային բազավորման մեծ հեռահարության բարձր ճշգրտության զենքով զինանոց է ոչնչացրել Ռովնոյի մերձակայքում։ Այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Հարվածի արդյունքում ոչնչացվել է ուկրաինական զորքերի սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով, այդ թվում՝ արևմտյան երկրներից մատակարարված տեխնիկայով լի խոշոր զինանոցը»,-ասել է գեներալը։
ՌԴ ՊՆ տվյալներով՝ ռազմական հատուկ գործողության սկզբից ի վեր ՌԴ ԶՈւ–ն ոչնչացրել է Ուկրաինայի ՌՕՈւ 184 ինքնաթիռ և ուղղաթիռ, 246 ԱԹՍ, 189 զենիթահրթիռային համակարգ, 1558 տանկ և այլ մարտական զրահամեքենաներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգի 156 կայանք, դաշտային հրետանու 624 զենք և ականանետ, ինչպես նաև 1354 միավոր ռազմական հատուկ ավտոմոբիլային տեխնիկա։
Վերջին մեկ օրվա ընթացքում ՌԴ ԶՈւ ավիացիան և հրթիռային զորքերը ոչնչացրել են Ուկրաինայի 97 ռազմական օբյեկտ, այդ թվում՝ Կիևի հյուսիսային ծայրամասում տեղակայված երկու «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռային համալիր։ Բացի այդ, ոչնչացվել է 8 զենիթահրթիռային համալիր, այդ թվում՝ վեց «Բուկ-Մ1», մեկ Ս-300 և մեկ «Օսա» ԶՀՀ մարտական մեքենա, 10 հրամանատարական կետ, դաշտային հրետանու ութ զենք, ՆԱՏՕ-ի երկրների արտադրության հրետանային հետախուզության 3 կայան:
Ինչպես նշել է Կոնաշենկովը, ՌԴ ԶՈւ–ն այժմ մարտեր է մղում Նովոմիխայլովկայի համար։
«Ռուսական ԶՈւ ստորաբաժանումները շարունակում են ոչնչացնել ուկրաինական զինուժի 54-րդ առանձին մեքենայացված բրիգադի ստորաբաժանումները։ Մարտեր են ընթանում Նովոմիխայլովկա բնակավայրը գրավելու համար»,-նշել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ ԴԺՀ-ի բնակավայրերն ավելի վաղ պարբերաբար գնդակոծությունների էին ենթարկվում հենց Նովոմիխայլովկայի կողմից:
Գեներալը հայտնել է նաև, որ ԴԺՀ-ի զինվորականները շարունակում են ուկրաինական զորքերի 25-րդ օդադեսանտային բրիգադի նահանջող ստորաբաժանումների հետապնդումը: Ազատագրվել է Վերխնետորեցկոյե բնակավայրը, հսկողության տակ են վերցրել Նովոբախմուտովկա երկաթուղային կայարանը։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 28–րդ օրը։