Այս պահին գյուղում լարվածություն չկա, ամեն ինչ նորմալ է: Կրակոցները դիրքերի ուղղությամբ են եղել, գյուղում չեն լսվել:
Այս մասին Tert. am-ի հետ զրույցում հայտնեց Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը՝ խոսելով սահմանային իրավիճակից։
«Ժողովուրդն իր առօրյա գործերով է, խուճապային իրավիճակ չկա։ Գյուղացիները դեռ կարողանում են իրենց գյուղատնտեսական աշխատանքները կատարել, առայժմ ադրբեջանցիները մեզ չի խանգարում, թե ինչ կլինի հետո չեմ կարող ասել։
Խոտհարքն արդեն ավարտվում ենք, մի քանի օրից էլ ցորենի հունձը կսկսենք։ Թե վաղը կամ մյուս օրն ինչ կլինի, այդ հարցին չեմ կարող պատասխանել»,- նշեց նա:
Տեղի համայնքապետն ու գյուղացիները, սակայն, մտավախություն ունեն, որ ադրբեջանցիները ցանկացած պահին կարող են թիրախավորել գյուղը։
«Մեզ թուրքը չի ասում, թե ինչով է պայմանավորված, որ կրակում են։ Բնակիչները մտահոգված են, որ ամեն րոպե կարող են կրակել։ Մենք ուզում ենք, որ խաղաղություն լինի։
Ո՞վ է այսօր ադրբեջանցուն վստահում, չգիտենք՝ լավ կլինի, թե՞ վատ, 120 հազարանով Արցախն այսօր թողել են շրջափակված, Կարմիր խաչը չի կարողանում մթերք տանի։ Ես չեմ կարող ասել, վաղը լավ է լինելու, թե՞ վատ»,-վրդովվեց գյուղապետը։
Նշենք, որ ադրբեջանական կողմի կրակոցների հետևանքով մեկ օրում Տեղ համայնքում 2-րդ հայ զինծառայողն է վիրավորում ստացել։
ՊՆ-ից հայտնել են, որ հուլիսի 12-ին՝ ժամը 12:10-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։