Կրթական համակարգի սիրտ ուսուցիչը պետք է գնահատված լինի
Նոր կրթական ռեֆորմները, որոնք կոչված պետք է լինեն բարելավել ոլորտը, ավելի են խորացնում ստեղծված իրավիճակը: Ուսուցիչների ատեստավորումը բուռն կերպով է ընկալվում հենց ուսուցչական հանրության կողմից: Ինչ է ստացվում. ուսուցիչը, ով երկար տարիներ կրթել է սերունդներ, ով ունի համապատասխան կրթություն և փորձ, պետք է ատեստավորում անցնի՝ իր աշխատավարձը բարձրացնելու համար: Կարծում եմ մեր ուսուցիչները արժանի են լավագույնի, քանի որ բոլորն էլ անխտիր իրենց գործի նվիրյալներն են: Ոլորտը էապես նոր մակարդակի հասցնելու համար, ըստ իս, ավելի նպատակահարմար է գումարներն ուղղել միջազգային մակարդակի մասնագետներ հրավիրելու Հայաստան, ովքեր կկիսվեն իրենց լավագույն փորձով, սեմինարներ կանցկացնեն մեր ուսուցչական հանրության հետ: Իսկ ուսուցիչներին տարանջատումը ատեստավորվածի և չատեստավորվածի արհեստականորեն լարվածություն է հարուցում հենց ուսուցչական համայնքում, ուստի պետք է լինի վարձատրության միասնական համակարգ:
Ուսուցիչ լինելը բացառիկ կոչում է և պատիվ, ուսուցիչը պետք է գնահատված լինի, չպետք է մտածի իր կենցաղային հարցերը մի կերպ լուծելու մասին, պետք է ապրի ապահով և բարեկեցիկ կյանքով: Խոնարհումս մեր բոլոր ուսուցիչներին, ովքեր այս դժվար ժամանակաշրջանում մտնում են դպրոց՝ չնայելով ցածր վարձատրությանը և բարդ պայմաններին ու կրթում են սերունդ, որը մեր վաղվա ապագան է լինելու: