Ուրախ եմ, որ հենց Թուրքիայում կարողացել եմ չեմպիոնի տիտղոսը նվաճել. Մարիամ Մկրտչյան

Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ Մարիամ Մկրտչյանը հայտնել է, թե ուրախ է, որ հենց Թուրքիայում կարողացել է չեմպիոնի տիտղոսը նվաճել։ Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացված Եվրոպայի պատանեկան առաջնության Մ18 տարեկանների մրցաշարում չեմպիոնի տիտղոսը նվաճած շախմատիստին այսօր ընդունել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

«Մինչև վերջին պահը չէի սպասում, որ հաղթող կճանաչվեմ»,–ասել է Մարիամը։
Նա պատմել է, որ շախմատով սկսել է զբաղվել 8 տարեկանից, խաղալ սովորել է դպրոցում. հենց այդ շրջանում շախմատը որպես առարկա ընդգրկվել էր դպրոցական ծրագրում: Նրա առաջին ուսուցիչն ու մարզիչը եղել է Սևակ Բաղդասարյանը` Երևանի թիվ 187 միջնակարգ դպրոցի «Շախմատ» առարկան դասավանդող մասնագետը: Նա նաև Մարիամի մարզիչն է եղել:
Դումանյանը կարևորել է շախմատի, և առհասարակ սպորտի ոլորտում պետական հոգածությունը՝ ընդգծելով, որ աջակցությունը շարունակական կլինի, որպեսզի արդյունքներն ավելանան: