Վերաքննիչ դատարանը վարչապետի նախկին խոսնակ Մանե Գևորգյանին պարտավորեցրել է հերքել ԱԱԾ նախկին տնօրեն, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի հասցեին արված գրառումը։ Տեղեկությունը հայտնում են Վանեցյանի ներկայացուցիչներ Լուսինե Սահակյանը և Արամազդ Կիվիրյանը։
Դեռ 2020-ի ապրիլի 28-ին Մանե Գևորգյանը Facebook-ում գրել էր, թե վարչապետի աշխատակազմի տվյալներով` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի փայաբաժինն առերևույթ պաշտոնական լիազորությունների չարաշահմամբ և կեղծ փայատերերի օգնությամբ ձեռք է բերել Արթուր Վանեցյանը։ Վերջինիս հորը պատկանող ընկերությունը դարձել է նաև ԶՊՄԿ-ի բեռների խոշոր փոխադրող։
«Ձախողվեց տարատեսակ «օդում կախված լուրերով» քաղաքական հակառակորդներին անվանարկելու՝ իշխանության ներկայացուցիչների հերթական փորձը։ Մանե Գևորգյանի գրառումն ընդհանուր իրավասության դատարանը ճանաչել էր որպես զրպարտություն։ Այսօր արդեն մերժվել է նաև Գևորգյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը, այսինքն` դատարանը հերթական անգամ ճանաչել է զրպարտության փաստն ու պարտավորեցրել նրան հրապարակային հերքմամբ հանդես գալ»,–նշված է Վանեցյանի ներկայացուցիչների հայտարարության մեջ։
Դատարանը Մանե Գևորգյանին պարտավորեցրել է հերքել այդ տեղեկությունները։ Մասնավորապես` դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Փաշինյանի նախկին խոսնակը պարտավոր է իր օգտահաշվի միջոցով հրապարակայնորեն հերքել նույն հայտարարությունը՝ հրապարակելով դատարանի կողմից սահմանված տեքստը։ Մասնավորապես, Գևորգյանը պարտավոր է գրել, որ Վանեցյանի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող, զրպարտություն հանդիսացող տեղեկություններ է հրապարակել։