Վատ խաղաղությունը լավ պատերազմից լավ է. Պուտին
Խոսելով տարածաշրջանում խաղաղության վերականգնմանն ուղղված ջանքերի մասին` ՌԴ նախագահը հիշեցրեց ռուսական հայտնի ասացվածքը։
ԼՂ–ի շուրջ 52 000 փախստականներ վերադարձել են իրենց տները։ Այս մասին այսօր Անկախ պետությունների համագործակցության երկրների ղեկավարների խորհրդի առցանց նիստում ասաց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ռուսական խաղաղապահ ուժերը հանդես են գալիս որպես հրադադարի ռեժիմի պահպանման երաշխավոր, որոնց միջոցով նաև հումանիտար օգնություն է հասցվում, ականազերծման աշխատանքներ են իրականացվում, ընդ որում, ուզում եմ հատուկ ընդգծել, որ ականազերծվում են երկու կողմերի տարածքները` թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի։ Վերականգնվում են կենսապահովման համակարգերը, բնակչությանը ցուցաբերվում է բժշկական օգնություն»,– ասաց Պուտինը։
Խոսելով տարածաշրջանում խաղաղության վերականգնմանն ուղղված ջանքերի մասին` ՌԴ նախագահը հիշեցրեց ռուսական ասացվածքն այն մասին, որ վատ խաղաղությունը լավ պատերազմից լավ է։
ՌԴ նախագահը շեշտեց, որ ԱՊՀ–ի առանցքային դերը հենց խաղաղ համագործակցության համար պայմաններ ստեղծելն է` ի շահ անդամ երկրների զարգացման ու քաղաքացիների բարեկեցության։