Վասպուրականի Արծրունյաց թագավորությունը

9-րդ դարի երկրորդ կեսից Հայաստանի համար սկսվեց տնտեսական ու քաղաքական կյանքի զարգացման նոր շրջան։ Արաբական տիրապետության մոտ երկհարյուրամյա ժամանակաշրջանն իր դրոշմն էր թողել Հայաստանի կյանքի բոլոր բնագավառների վրա։ Այդ ծանր ժամանակաշրջանում Վասպուրականը օտար տիրապետության դեմ հայ ժողովրդի մղած ազատագրական պայքարի օջախներից մեկն էր։ Պատահական չէ, որ 9-րդ դարի կեսերին Հայաստան մտած արաբ զորապետները՝ Աբուսեթը, Յուսոֆը, Բուղան, Վասպուրականով էին սկսում ու վերջացնում իրենց շահատակությունները՝ ժողովրդի մեջ առաջացնելով ապստամբական բուռն տրամադրություններ։ Վասպուրականցիները Տարոնի ու քաջարի սասունցիների հետ միասին ամենալայն չափերով մասնակցություն ունեցան 851-852 թթ․ Հայաստանում արաբների դեմ բռնկված ժողովրդական ազատագրական հերոսամարտին, որի հուժկու ալիքները հիմքից սասանեցին խալիֆայության դիրքերը Հայաստանում՝ դարակեսը դարձնելով մի բաժնեգիծ հայ ժողովրդի անցյալի և ապագայի միջև՝ նրա տնտեսական, քաղաքական և մշակութային կյանքի բոլոր բնագավառներում։ Հայաստանը ապստամբությունից ոչ թե թուլացավ, այլ ավելի հզորացավ՝ հնարավորություն ստանալով մտնել անկախ զարգացման հուն։ Եւ արաբական երկար ու ձիգ երկու դարերի ընթացքում քայքայված Հայաստանը ոտքի է կանգնում։ Հայաստանում վերացվել էին նախարարական շատ տներ, և նոր հարաբերությունների բովում նախարարական հնամենի կարգերը փոխարինվեցին զարգացած ֆեոդալիզմին բնորոշ հարաբերութուններով։ Այս շրջանում էր, որ նախարարական կարգի քայքայման պայմաններում զատվում և աննախընթաց վերելքի են հասնում Բագրատունիների, Արծրունիների և Սյունյաց ֆեոդալական տները՝ մեծ չափով նպաստելով Հայաստանի տնտեսական ու քաղաքական վերածննդին, քանի որ հիշյալ տոհմերը տնտեսապես ու քաղաքականապես այնքան էին հզորացել ու ազդեցիկ դիրք ձեռք բերել, որ լիովին ընդունակ էին գլխավորելու Հայաստանի անկախության գործը։ 

Հայտնի է, որ Արշակունյաց հարստության ժամանակ՝ 1-5րդ դդ․, Արծրունյաց նախարարական տունն իշխում էր միայն իրենց տոհմական ոստան Աղբակում։ Բացի Արծրունիներից Վասպուրականում կային նաև ֆեոդալական ուրիշ տներ։ Սակայն հաջորդ դարերում Վասպուրականի բոլոր տոհմերը չէին, որ կարողացան պահպանել իրենց դիրքերը։ 8-րդ դարի կեսերից այնտեղ արդեն անբաժան տիրապետություն էին իրականացնում Արծրունիները։ Այսպես, 762թ․ վերջիններս հիշվում են որպես Վասպուրականի տիրակալներ, որոնք արյան գնով կազմակերպում էին հայրենի նահանգի պաշտպանությունն արաբ հրոսակախմբերից։ Հետագա ավելի քան հարյուր տարվա ընթացքում, նախարարական կարգի հոգևարքի պայմաններում, երբ քայքայվում է հողատիրության հին ձևը, Վասպուրականն ապրում է քաղաքական ամբողջացման բարդ գործընթաց․ Վասպուրականում եղած ֆեոդալական տները՝ Ռշտունիները, Անձևացիք, Բագրատունիները, Ամատունիները, Մարդպետները, Ակեացիք և մի քանի մանր տոհմեր, արաբական տիրապետության պայմաններում կորցնելով իրենց ինքնուրույնությունը կամ նեղվելով Արծրունիներից, գերադասում են համագործակցել վերջինների հետ՝ դառնալով նրանց հպատակները։ Բնականաբար, նրանց կալվածնքները ևս անցնում են Արծրունիներին, որոնց իշխանությունը ձեռք է բերում մեծ նշանակություն ողջ Հայաստանի կյանքում։ 9-րդ դարում Թովմա Արծրունին Վասպուրականը համարում է արդեն Արծրունիների <Բարձրագույն և սեփական նահանգը>։

Նույն ժամանակաշրջանում տնտեսական զարգացման վերընթաց ճանապարհն էին բռնել նաև Մերձավոր Արևելքի մնացած երկրները։ Խալիֆայության կարգերն այլևս անկարող էին շարունակել նվաճված երկրների նկատմամբ վարած ավանդական քաղաքականությունը, քանի որ այդ կարգերի պայմաններում խալիֆայության առանց այդ էլ քայքայվող վարչակարգը լիովին անզոր գտնվեց կանխելու հպատակ ժողովուրդների ազատագրական պայքարը։ Ուստի խալիֆայությունը հարկադրված էր անկախություն կամ ինքնավարություն տալ իր տիրապետության տակ գտնվող առանձին ժողովուրդներին։ Եւ 9-րդ դարում, 885թ-ին,  միմյանց հետևից անկախության դրոշ են պարզում խալիֆայության կազմում գտնվող երկրները, որոնց թվում՝ նաև Հայաստանը։ Սակայն այդ անկախությունը շնորհ չէր, որ տրվեց խալիֆայության կողմից, այլ վերջինիս՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար կատարված ստիպողական մի քայլ, որի նպատակն էր գոնե այդպես պահպանել իր խարխլված պետականության շրջանակներում գտնվող ապստամբ երկրները։ 

Հայաստանը, որքան էլ որ ծայրերկրի համարում ունենար խալիֆների մոտ, քաղաքական բոլոր պարագաներում պահպանում էր իր ստրատեգիական և տնտեսական հույժ կարևոր նշանակությունը, մանավանդ արդեն հզորացող քրիստոնյա մրցակցի՝ Բյուզանդիայի կողմից Արևելքում խալիֆայության դեմ հարձակումների ժամանակ, երբ սկսել էին տատանվել վերջինիս հիմքերը հպատակ երկրներում և ամենից առաջ՝ ընդվզուն Հայաստանում։ 

9-րդ դարի կեսերից ստեղծված սոցիալ-տնտեսական ու քաղաքական նոր դրության պայմաններում անկախության գաղափարը վերարծարծվեց նաև Վասպուրականում։ Նույնիսկ արդեն 9-րդ դարի սկզբից, ինչպես հաղորդում է նույն դարի արաբ մատենագիր Բալաձորին իր <Երկրների նվաճման մասին> գրքում՝ <Հայաստանի իշխանք նստած էին իրենց երկրներում ու նոցանից ամեն մեկը կպաշտպաներ իր գավառը, երբ այստեղ էր գալիս ամիրապետի ոստիկանը, նոքա կջանային նորա սերը գրավել, և եթե նա նոցա հետ ազնիվ, բայց խիստ կվարվեր, նոքա նորան հարկ կվճարեին, հակառակ դեպքում նորան հրապարակորեն կհայհոյեին և կարհամարհեին նորա հրամանը>։ 

Այն, որ իրոք Վասպուրականի, Տարոնի իրավատերերը շարունակում էին մնալ տեղաբնիկ հայ իշխանները, երևում է նաև այն փաստից, որ 847թ․ հարկահանի լիազորությամբ Հայաստան ուղարկված Ապուսեթը վճռական դիմադրության է հանդիպում Վասպուրականում և Տարոնում։ Առաջինում հայ իշխաններին գլխավորում էր Վասպուրականի մեծ իշխանը՝ Աշոտ Արծրունին, իսկ Տարոնում՝ Բագրատ Բագրատունին։ Այս իշխանների գործադրած ջանքերի շնորհիվ Ապուսեթը, ըմբռնելով, որ Վասպուրականն ու Տարոնը կարող են առիթը ներկայացած դեպքում չվճարել սահմանված հարկը, որ խալիֆայությունից հայերի ունեցած գրեթե միակ կապն էր, խալիֆի գիտությամբ անմիջապես զորաբաժիններ ուղարկեց Վասպուրականն ու Տարոնը հնազանդ պահելու համար և ապա մեկնեց խալիֆին ավելի մանրամասնորեն իրազեկ դարձնելու հայերի ձգտումների մասին։

Արաբական զորքն անզոր գտնվեց Վասպուրականի և Տարոնի իշխանների միասնական դիմադրության առջև։ Ի դեպ, արտաքին վտանգն ստիպում էր, որ ավատական կենտրոնախույս ձգտումները տեղի տան հայ իշխանների կուռ համախմբվածության առջև։ 

Թուլացած խալիֆայությունը դյուրությամբ չէր զիջում իր դիրքերը։ 851-852 թթ-ին Հայաստանում ծավալված ժողովրդական հուժկու շարժումը ճնշելու համար այնտեղ ներխուժեց արաբական բանակը՝ գազանաբարո Բուղա Շարաբիի գլխավորությամբ։ Վերջինիս անգթությունների հետևանքով Հայաստանը ողողվեց արյամբ՝ լիուլի լցնելով ժողովրդական ցասման բաժակը։ Ժողովրդա-ազատագրական այս պատերազմից հետո Հայաստանն էլ ավելի զորեղացավ, հետևաբար, պիտի ավելի անկախ քաղաքականություն վարեր։ Ճիշտ է, վախեցած Բուղան Հայաստանը գլխատելու միտումով գերի տարավ աչքի ընկնող հայ իշխաններին, սակայն դա չփոխեց դրությունը։ 

Պետք է ասել, որ 851-852 թթ-ին ապստամբությունն, ըստ էության, չճնշվեց Բուղայի կողմից՝ ժողովրդական շարժման հանդեպ նրա անզորության պատճառով, որից էլ հենց բխում էին Բուղայի դաժանությունները։ 


Վ․ Վարդանյան