Վարդենիս խոշորացված համայնքում մարտի 16-ին արտահերթ նիստ կգումարվի՝ համայնքապետի ընտրության օրակարգով։
NEWS.am-ի հետ զրույցում ավագանու «Միասնական Վարդենիս» խմբակցության ղեկավար Դավիթ Շահնազարյանն ասաց, որ «Ահարոն Խաչատրյան» եւ «Միասնական Վարդենիս» խմբակցությունների անդամներն են արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությամբ հանդես եկել։
«Քանի որ համայնքապետի ընտրության օրակարգով մինչեւ երեկ նիստ չի հրավիրվել, ավագանու երկու խմբակցությունների անդամները ստորագրահավաք արեցին եւ դիմեցին համայնքապետարանի աշխատակազմին, որ մարտի 16-ին, ժամը 11-ին արտահերթ նիստ գումարվի»,- նշեց Դավիթ Շահնազարյանը։
Նշենք, որ մարտի 4-ին ուժի մեջ է մտել Վարչական դատարանի որոշումը, որով մասնակի բավարարվել էր Վարդենիսի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների հայցը։ Կողմերից ոչ ոք չի բողոքարկել դատարանի որոշումը, հետեւաբար որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ըստ Դավիթ Շահնազարյանի՝ պետք է համայնքապետի ընտրության հարցով ավագանու նիստ գումարվեր։
Հիշեցնենք, որ փետրվարի 8-ին Վարդենիսի ավագանու նստաշրջանի բացմանը, Դավիթ Շահնազարյանը հայտարարել էր, թեեւ «Ահարոն Խաչատրյան» եւ «Միասնական Վարդենիս» խմբակցությունները վստահ են, որ Վարչական դատարանի որոշումը բողոքարկելու դեպքում Վերաքննիչ վարչականը կբավարարի այն, այդուհանդերձ հաշվի առնելով Վարդենիս համայնքի պարալիզացված վիճակը եւ օր առաջ ճգնաժամը հաղթահարելու համար որոշել էին չբողոքարկել Վարչական դատարանի որոշումը։
Նշենք, որ Վարչական դատարանը փետրվարի 2-ին էր մասնակի բավարարել ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների հայցը եւ անվավեր ճանաչել այն որոշումը, որով արձանագրվել էր, որ Վարդենիս խոշորացված համայնքի ղեկավար է ընտրվել Ահարոն Խաչատրյանը։
Դեկտեմբերի 5-ին Վարդենիսում կայացած ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր»-ը ստացել էր 13 մանդատ, «Ահարոն Խաչատրյան» դաշինքը՝ 10, «Միասնական Վարդենիս»-ը՝ 4 մանդատ։ Ընդդիմադիր ուժերն ընտրություններից հետո կոալիցիա կազմելու հուշագիր էին ստորագրել, եւ մանդատների քանակն արդեն բավարարում էր համայնքապետ ընտրելու համար։
Դրանից հետո «Միասնական Վարդենիս»-ի առաջին համար, Վարդենիսի նախկին քաղաքապետ Արամ Հարությունյանին հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք առաջադրվեց, եւ նա կալանավորվեց։ Նա հրաժարվել էր մանդատից։
Այդուհանդերձ, 2021 թվականի դեկտեմբերի 30-ին գումարվել էր Վարդենիսի նորընտիր ավագանու անդրանիկ նիստը, որի սկսելուց րոպեներ առաջ ավագանու անդամների միջեւ վիճաբանություն եւ քաշքշոց էր սկսել ։
Մասնավորապես, ՔՊ-ը ավագանու անդամ եւ համայնքապետի թեկնածու Արամ Մելքոնյանը դեմ էր, որ «Ահարոն Խաչատրյան» խմբակցության անդամ Կարեն Մկրտչյանը մասնակցի այդ նիստին։ Վարդենիսի նախկին համայնքապետ Մելքոնյանը Կարեն Մկրտչյանին մեղադրում էր համայնքապետարանում աշխատելու ընթացքում ոչ պատշաճ դրսեւորելու մեջ։
2022 թվականի հունվարի 3-ին, ՔՊ-ը համայնքապետի թեկնածու Արամ Մելքոնյանն առաջարկել էր մանդատները վայր դնել եւ նոր ընտրություններ անցկացնել, սակայն, ընդդիմադիր ուժերը հրաժարվել էին։