Թուրքիան փակել է իր բոլոր անցակետերը իրանական բեռնատարների համար

Թուրքիան այս քայլին է դիմել այն բանից հետո, երբ Իրանն արգելել է թուրքական բեռնատարների մուտքն իր երկրի տարածք։

Թուրքիան փակել է իր բոլոր անցակետերը իրանական բեռնատարների համար։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Իրանի հետ առևտրի զարգացման ասոցիացիայի ղեկավար Օզջան Ալաշին:
«Սահմանային անցակետերը իրանական բեռնատարների համար փակելու` Թուրքիայի որոշումը հաջորդել է թուրքական բեռնատարների` Իրան մուտքն արգելելուն», - ասել է Ալաշը:
Նա հայտնել է, որ այսկերպ Իրանի և Թուրքիայի միջև առևտրաշրջանառությունն ամբողջությամբ դադարեցվել է Իրանի և Ադրբեջանի սահմանին լարված իրավիճակի պատճառով:
Նրա խոսքով ՝ իրավիճակը կարող է բացասաբար անդրադառնալ Թեհրանի և Անկարայի միջև առևտրային հարաբերությունների վրա:
Վերջին օրերին Թեհրանի և Բաքվի միջև լարվածությունն աճել է: Իրանի իշխանությունները կասկածում են, որ Ադրբեջանը սերտորեն համագործակցում է իր տարածաշրջանային հակառակորդ Իսրայելի հետ: Թեհրանը Թել Ավիվին մեղադրում է Ադրբեջանի միջոցով Իրանի սահմաններին մոտենալու, Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակից օգտվելու և Բաքվի և Թեհրանի հարաբերություններում հակամարտություն բորբոքելու մեջ:
Ի պատասխան Իրանը լայնածավալ ցամաքային զորավարժություններ է սկսել Ադրբեջանի հետ սահմանների մոտ՝ միաժամանակ հայտարարելով, թույլ չի տա տարածաշրջանում «երրորդ երկրների» և «օտար զավթիչների» առկայությունը, ինչպես նաև իր` հարևանների հետ սահմանների փոփոխության ցանկացած փորձ:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերքել էր ադրբեջանա-իրանական սահմանին իսրայելական ուժերի ներկայության մասինԹեհրանի հայտարարությունները։
Իսկ Ռուսաստանում Իսրայելի դեսպան Ալեքսանդր Բեն Ցվին Ղարաբաղում իսրայելցի զինվորականների ենթադրյալ ներկայության մասին հայտարարություններն անվանել է «մեծ հիմարություն» ու հորինվածք։