Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ համատեղ զորավարժություններն ու հետախուզական տվյալների փոխանակումն աստիճանաբար դադարեցվում է 2016 թվականից, հաղորդում է Middle East Eye-ը՝ հղում անելով թուրք աղբյուրներին: Այդ քայլը, ակնհայտ է, եղել է գործընթացի մաս, որը նախաձեռնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն:
Ըստ լրատվականի՝ նախարարը դադարեցրել է մի շարք համատեղ ծրագրեր եւ համագործակցությունը Անկարայի եւ Վաշինգտոնի միջեւ տարաձայնությունների պատճառով, երբ նա զբաղեցրել է պաշտոնը հինգ տարի առաջ: Դրանց թվում են թուրք եւ ամերիկացի ոստիկանական ուժերի համատեղ ուսուցումը, կասկածյալների մասին եւ այլ հետախուզական տեղեկատվության վաղ հասանելիությունը:
Չնայած այդ սահմանափակումներին՝ դադարը հիմնականում սահմանափակվել է ընդհանուր եւ հետախուզական տվյալների մասին վաղ հասանելիության դադարով, որով ավելի վաղ օգտվում էր ԱՄՆ-ն: «Դա չի խոչընդոտել ամերիկյան իշխանությունների հետ համագործակցությանը, քանի որ նրանք կարողացել են ստանալ համապատասխան տեղեկատվությունը, երբ հետաքննությունն ավարտվել է եւ փոխանցվել դատարան»,-ասել է թուրք պաշտոնյան:
ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ մի քանի տարի առաջ հարաբերությունների սրման մասին հայտնի է վաղուց, սակայն Սոյլուի գործողությունները, ըստ էության, նույնպես ունեցել են անձնական բնույթ: Նա եւ մյուս նախարարները երկու անգամ ենթարկվել են Վաշինգտոնի ժամանակավոր պատժամիջոցներին. նախ 2018 թվականից ամերիկացի հոգեւոր հովիվ Էնդրյու Բրանսոնին բերման ենթարկելու պատճառով, իսկ այնուհետեւ դարձյալ մեկ տարի անց Սիրիայի հյուսիսում քուրդ ահաբեկիչների դեմ թուրքական գործողության համար:
Դեռ ավելին, այնպիսի պաշտոնական անձինք, ինչպես Սոյլուն, համարում են, որ ԱՄՆ-ն ներգրավված է 2016 թվականին պետական հեղաշրջման անհաջող փորձին, հատկապես Վաշինգտոնի՝ Ֆեթուլա Գյուլենին արտահանձնելու մերժումից հետո, որին Անկարան համարում է այդ ապստամբության կազմակերպիչ: Անցած շաբաթ Սոյլուն բացահայտ հայտնել էր այդ կասկածները՝ հայտարարելով, որ պետական հեղաշրջման փորձը տեղի է ունեցել [ԱՄՆ-ի] հրամանով»:
Հեռուստատեսությամբ ելույթ ունենալիս նա նաեւ մեղադրել է հեղաշրջման փորձում ներգրավվածության մեջ Արաբական Միացյալ Էմիրություններին: «ԱՄԷ-ն եւ ԱՄՆ-ն մեղավոր են հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի մեջ: ԱՄԷ-ն ԱՄՆ-ի ամենակարեւոր օպերատիվ գործընկերն է»: Սոյլուն նաեւ հայտնել է, որ հրաժարվել է ԱՄՆ դեսպան Դեւիդ Սաթերֆիլդի հետ հանդիպումից: «Ես չեմ հանդիպի նրա հետ: Ես կանեմ դա միայն այն դեպքում, եթե նրանք սկսեն հարգել այս երկիրը»,-հայտարարել է նա: