ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում արձագանքել է ընդդիմության բարձրացրած խնդրին, թե Թուրքիայի հետ սահմանի բացումը տնտեսապես օգտակար է միայն այդ երկրին, իսկ Հայաստանի տնտեսությունը դրանից միայն տուժելու է:
«Մենք այսպես թե այնպես, 30 տարի Թուրքիայի հետ առևտուր ենք արել: Չնայած չենք ունեցել անմիջական սահման, Վրաստանի միջոցով է ապրանքաշրջանառություն տեղի ունեցել, բայց ունեցել ենք իրենց հետ առևտուր: Թուրքիան եղել է Հայաստանի «թոփ 5» առևտրային գործընկերներից մեկը»,- ասաց Թունյանը՝ հավելելով, որ այդ տրամաբանությամբ Հայաստանը պետք է իր դռները փակի բոլոր այն երկրների առջև, որոնք ավելի հզոր տնտեսություն ունեն:
Այդուհանդերձ, ըստ տնտեսագետ-պատգամավորի, Հայաստանի շուկան պաշտպանված է ԵԱՏՄ գործող կանոնակարգերով ու պաշտպանական մեխանիզմներով՝ մաքսատուրքեր և այլն:
«Չեմ կարծում, թե մեզ թուրքական էքսպանսիա սպասվում է: Ես նման վտանգ չեմ տեսնում: Իսկ վտանգի դեպքում կանխարգելիչ միջոցառումներ կիրականացվեն»,- ասաց Թունյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան. 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարները դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություններ ստորագրեցին, սակայն այդ փաստաթղթերն այդպես էլ չվավերացվեցին։
Հայաստանը թուրքական ապրանքների ներկրման արգելք սահմանեց 2020թ–ի հոկտեմբերին` այն բանից հետո, երբ Թուրքիան բացահայտ աջակցեց Ադրբեջանին Արցախի դեմ 2020թ. սեպտեմբերի 27–ին սկսած ագրեսիայի մեջ։
2022 թվականի հունվարի 1-ից ՀՀ կառավարությունը որոշեց չեղարկել թուքական ապրանքների ներկրման էմբարգոն։