Թուրքագետ Հակոբ Չաքրյանի համար բոլորովին զարմանալի չէ, որ երեկ գիշերը Վեդիում թուրք ամուսինների մասնակցությամբ վիճաբանություն է տեղի ունեցել, վերջիններս հայհոյել են հայերին։ Ասում է՝ դեռ Ցեղասպանության տարիներին և դրանից էլ շատ առաջ թուրքերն ընդգծված հայատյաց կեցվածք են ունեցել։
«Մինչդեռ հայերի կողմից թուրքերի հասցեին հայհոյանք չի հնչել։ Թուրքիայում նույնիսկ «հայ» ասելն ինքնին հայհոյանք է. որևէ մեկին վարկաբեկելու համար, օրինակ, կարող են ասել՝ «Մայրը հայ է» և դեռ հետևից էլ հայհոյել»,- Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց թուրքագետը։
Հակոբ Չաքրյանի խոսքով՝ Վեդիում հայերին հայհոյած թուրք ամուսիններին պետք է պատժել ՀՀ օրենքի ողջ խստությամբ։
«Թուրքերի և հայերի համակեցության մասին խոսք լինել չի կարող։ Թուրքերը ցեղասպանություն են իրագործել, դրանից հետո հայերի նկատմամբ առավել թշնամական վերաբերմունք ձևավորել՝ թե՛ իշխանության, թե՛ հասարակության մակարդակով։ Սա բխում է հանցագործի հոգեբանությունից, սա խոսում է թուրք ժողովրդի բռնության մշակույթի մասին։ Այս ամենի հիմքերը 1915 թվականին են գցվել»,- ասաց Հակոբ Չաքրյանը։
Թուրքագետի համոզմամբ՝ պետությունների միջև հարաբերություններն ավելի հեշտ են կարգավորվում, քան ժողովորդների, և երեկվա միջադեպը ասվածի վառ ապացույցն է։
«Հայ և թուրք ժողովուրդներին մերձեցնելը շատ դժվար է»,- ամփոփեց Հակոբ Չաքրյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին՝ անցած գիշեր թուրքերի հետ միջադեպ է տեղի ունեցել Վեդիում։ Քաղաքի կայարանում թուրքերը խրախճանք են կազմակերպել, կոնյակ խմել, հայհոյել հայերին։
Aysor.am-ի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեից ավելի վաղ հաստատել էին՝ Արարատի մարզի Վեդի քաղաքում երեկ գիշերը տեղի ունեցած միջադեպի մասնակիցները Թուրքիայի քաղաքացիներ են եղել։
«Միջադեպի մասնակիցները Թուրքիայի քաղաքացիներ են, ամուսիններ», - ասել էր ՔԿ մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։
Նա միաժամանակ նշել էր, որ քննչական կոմիտեում նյութեր են նախապատրաստվում ՝ այլ մանրամասներ չհայտնելով։