Տոկիոյի իշխանությունները չեղարկել են ժամանակի հետհաշվարկի ավանդական արարողությունը Նոր տարվանից առաջ Սիբույա երկաթուղային կայարանի առջեւ գտնվող խաչմերուկում, որը համարվում է ամենաաշխույժներից մեկն աշխարհում։ Արդեն երկրորդ տարին արարողությունը չի անցկացվում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակում, այս մասին երկուշաբթի հայտարարվել է Տոկիոյի համապատասխան շրջանի աշխատակազմի կայքում։
Սիբույա խաչմերուկ չգալու կոչն այժմ Ճապոնիայում հեռարձակվում է հանրահայտ սոցիալական ցանցերով։ Ընդ որում՝ Ամանորի գիշերը նախատեսվում է այնտեղ ուղարկել ոստիկանության լրացուցիչ ուժեր։ Խաչմերուկի մոտ դեկտեմբերի 31-ի ժամը 23.00-ին անջատվելու են նաեւ այնտեղ տեղակայված 13 հսկայական էկրանները, որոնցով անընդհատ ցուցադրվում են գովազդներ, տեսահոլովակներ եւ այլն։ Սա նույնպես արվել է այն նպատակով, որպեսզի մարդիկ չգան այս գոտի եւ ժողովրդի սովորական կուտակում չառաջանա։
Սիբույա կայարանի առջեւի խաչմերուկով կանաչ լույսի տակ, այսինքն՝ յուրաքանչյուր երկու րոպեն մեկ, անցնում է միջինը 3 հազար մարդ։ Տոնական եւ հանգստյան օրերին այնտեղով օրական անցնում է 390 հազար մարդ։ Ամանորի գիշերը խաչմերուկի մոտ նախորդ տարիներին հավաքվում էին Տոկիոյի տասնյակ հազարավոր բնակիչներ եւ զբոսաշրջիկներ։
Կորոնավիրուսի տարածումը վերջին շրջանում Ճապոնիայում զգալիորեն նվազել է։ Մասնավորապես, կիրակի օրը ողջ երկրում գրանցվել է ընդամենը 58 նոր դեպք, ոչ մեկը չի մահացել COVID-19-ից։ Բայց Ճապոնիայի իշխանությունները հորդորում են չթուլացնել նախազգուշական միջոցները եւ զգուշացնում են կորոնավիրուսի, մասնավորապես նրա նոր՝ օմիկրոն շտամի տարածման նոր բռնկման հավանականության մասին։