Տեղի է ունեցել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը։ Նիստի օրակարգում ընդգրկված է եղել 5 հարց, հայտնում են ԱԻՆ-ից։
Նիստը նախագահել է ՔՏՀԱ տեսչական մարմնի կառավարման խորհրդի (այսուհետ՝ Կառավարման խորհուրդ) նախագահ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը։
Կառավարման խորհրդի նիստի օրակարգի 1-ին հարցը վերաբերել է ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի թեկնածությանը հավանություն տալուն։
Տվյալ պաշտոնում առաջադրվել էր Սուրեն Մինասյանի թեկնածությունը։ Կառավարման Խորհրդի անդամները Ս․Մինասյանին ուղղել են իրենց հարցերը՝ կապված նրա՝ Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնում նշանակվելու դեպքում նախատեսվող գործունեության հետ։ Կառավարման Խորհուրդը հավանություն է տվել առաջադրված թեկնածությանը։ Կառավարման խորհրդի համապատասխան որոշումից հետո այն կներկայացվի ՀՀ վարչապետի հաստատմանը։
Այնուհետև, Կառավարման խորհրդի անդամները քննարկել են օրակարգում ընդգրկված՝ Տեսչական մարմնի ընթացիկ ու առաջիկա գործունեությանն առնչվող մնացած հարցերը։