Ասկերանի շրջանի Սղնախ գյուղում էր բնակվում Շողիկ Ավանեսյանի ընտանիքը մինչև Արցախյան երրորդ պատերազմը, որի ընթացքում հակառակորդի կողմից օկուպացվեց բնակավայրը:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տիկին Շողիկը պատմեց, որ Սղնախում բնակվելու տարիներին ինքն աշխատում էր համայնքապետարանում, սեփական այգի ունեին, որ սիրով էին մշակում: Պատերազմից հետո իրենց հինգ հոգանոց ընտանիքը ստիպված եղավ հաստատվելու տեղ փնտրել:
«Ներկա պահին ամուսնուս, դստերս փեսայիս ու երկու թոռներիս հետ ապրում ենք Ստեփանակերտում: Ոչ մեկս աշխատանք չունի: Աղջիկս մանկավարժի կրթություն է ստացել, բայց աշխատատեղ չի կարողանում գտնել: Ունենք լվացքի մեքենայի և մահճակալի կարիք: Մի քանի անգամ այդ հարցով դիմել ենք ԱՀ Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարություն, սակայն դեռ պատասխան չենք ստացել»,-ասել է նա՝ հավելելով, որ օգտվել են տեղահանվածներին տրամադրվող պետական տարբեր աջակցություններից:
Ընտանիքն Ասկերանի շրջանի Աստղաշեն համայնքի տարածքում կառուցվող բնակավայրում, նախօրեին կայացած վիճակահանության արդյունքում 4 սենյականոց առանձնատան շահառու է դարձել: Նոր տուն կտեղափոխվեն, երբ այն ամբողջությամբ պատրաստ կլինի:
Տիկին Շողիկն ասում է, որ նպատակ ունեն այնտեղ գյուղատնտեսությամբ զբաղվել: