Թբիլիսին չի մասնակցի «3+3» ձևաչափի առաջին նիստին. Վրաստանի ԱԳՆ

Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից ասել են, որ բազմաթիվ անգամ են պարզաբանել իրենց դիրքորոշումը, որն անփոփոխ է մնացել:

Վրաստանը չի մասնակցի «3+3» ձևաչափով առաջին նիստին, որը տեղի կունենա վաղը Մոսկվայում: Տեղեկությունը հայտնում է «Պիրվելի արխի» հանրային հեռուստաալիքը՝ հղում անելով երկրի արտաքին քաղաքական գերատեսչությանը։
«Մենք չենք դիտարկում այդ ձևաչափին մասնակցելու տարբերակը, և հետևաբար Վրաստանը ներկայացուցիչ չի ունենա դեկտեմբերի 10-ի հանդիպմանը», - ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:
ԱԳՆ-ից նշել են, որ Թբիլիսին բազմաթիվ անգամ է բարձրաձայնել է այդ հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը։
Հիշեցնենք` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ իրանցի գործընկերոջ հետ քննարկել է Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի հետ «3+3» բանակցային ձևաչափ ստեղծելու նախաձեռնությունը՝ տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով:
Լավրովն ասել էր, որ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումն օգուտ կբերի ոչ միայն Հայաստանին և Ադրբեջանին, այլ նաև Վրաստանին: Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան` որպես այս երեք հանրապետությունների ամենամոտ հարևաններ, նրա դիտարկմամբ, նույնպես կշահեն դրանից։