Սյունիքից գերեվարված ոչ բոլոր զինծառայողներն են վերադարձվել Հայաստանին
Ադրբեջանական կողմից պաշտոնապես հաստատված տվյալներով` Ադրբեջանում դեռևս պահվում են 38 հայ ռազմագերիներ։
2021 թվականի նոյեմբերի 16-ի մարտական գործողությունների ժամանակ Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից գերեվարված ոչ բոլոր հայ գերիներն են վերադարձել։ «Հետքի» գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկությունը հայտնել են ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից։
Փետրվարի 7-ին հայտնի դարձավ, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 8 հայ ռազմագերիների։ Sputnik Արմենիայի աղբյուրները փետրվարի 7-ին հայտնել էին` 2021 թվականի նոյեմբերի 16-ին Սյունիքում տեղի ունեցած մարտերից հետո գերության մեջ հայտնված բոլոր հայ զինծառայողները վերադարձվել են։

«2021 թվականի նոյեմբերի 16-ի մարտական գործողությունների ժամանակ Ադրբեջանի Հանրապետության ԶՈւ-ի կողմից գերեվարված բոլոր զինծառայողների վերադարձի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Ադրբեջանի Հանրապետության կողմից չի վերադարձվել ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող Էդիկ Հովսեփյանը»,- նշվում է «Հետքին» ուղղված ԱԱԾ պաշտոնական պատասխանի մեջ։

Ազգային անվտանգության ծառայությունից նաև հայտնել են, որ ադրբեջանական կողմից պաշտոնապես հաստատված տվյալներով` Ադրբեջանում դեռևս պահվում են 38 հայ ռազմագերիներ։