Սյունիքի 6 գյուղերում անորոշություն է. Թաթոյանը մանրամասներ է հայտնել իրավիճակից

Արման Թաթոյանը ներկայացրել է, թե ինչ պայմաններում են ապրում Սյունիքի 6 գյուղերի բնակիչները։ Գյուղերից մեկում անգամ հուղարկավորությունն է ուշացել...

Սյունիքի 6 գյուղերում անորոշություն է, սրվել են հումանիտար խնդիրները: Նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը` ներկայացնելով Կապան-Ճակատեն ճանապարհին ադրբեջանական անօրինական արարքների հետևանքների վերաբերյալ փաստահավաք տվյալները։
Հայտնել էինք, որ Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհներին նոյեմբերի 11-ից և նոյեմբերի 15-ից ադրբեջանական մաքսակետեր են տեղադրվել։
Թաթոյանը Կապան-Ճակատեն ճանապարհի փակվելու պատճառով Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ, Շիշկերտ գյուղերում մարդու իրավունքների վիճակի հետ կապված տվյալներ է հրապարակել։

«Ճակատենում կան բնակելի տներ, որոնք ադրբեջանական դիրքերից մոտ 200-300 մետր հեռավորության վրա են։ Իսկ Ներքին Հանդում ադրբեջանական զինված ծառայողները կանգնած են գյուղի ջրի միակ ակունքի մոտ, ինչը ջրային անվտանգության լուրջ խնդիր է առաջ բերում»,–նշում է Թաթոյանը։

Նրա խոսքով` ստեղծված իրավիճակի պատճառով դպրոցներում դասապրոցեսն ամբողջությամբ կամ մասամբ իրականացվում է հեռավար եղանակով։ Օրինակ՝ Ճակատենի դպրոցում սովորող երեխաներից 4-ը, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ինչպես նաև մանկավարժական անձնակազմը), Ճակատեն գալիս են Կապան քաղաքից։ Ճանապարհի երթևեկության արգելքի, ինչպես նաև այլընտրանքային ճանապարհի անանցանելիության պատճառով վերջիններս չեն կարողանում գալ դպրոց և դասերն իրականացվում են հեռավար։ Նույնը նաև Շիկահողի (Սրաշենի) միջնակարգ դպրոցում է։

Մի շարք բնակիչներ էլ նշել են, որ վերջին օրերին սկսել են առաջ գալ ինտերնետ կապի որակի խնդիրներ. ադրբեջանական դիրքերը գտնվում են քաղաքացիական բնակչության համար ինտերնետ կապի կայանների տեղակայման վայրից անմիջական հեռավորության վրա։
Վերոհիշյալ 6 բնակավայրերում առաջ են եկել նաև բժշկական օգնության և սպասարկման հասանելիության լուրջ բարդություններ: Թեև Ճակատենում մշտական հերթապահություն է իրականացնում Մեղրիից ժամանած շտապ օգնության բրիգադը (1 մեքենա և յուրաքանչյուր բնակավայրին՝ շտապ օգնության 1 բուժաշխատող բաշխմամբ), սակայն հրատապ հոսպիտալացման կարիք առաջանալու դեպքում մարդիկ պետք է Ճակատենից տեղափոխվեն Մեղրիի ԲԿ։ Այստեղ շտապօգնության մեքենայով հնարավոր կլինի հասնել 2-2.5 ժամում՝ մոտ 70 կմ ճանապարհ անցնելուց հետո։ Իսկ մինչև Կապան-Ճակատեն ճանապարհի անօրինական արգելքն անձի տեղափոխումը Կապանի բուժհաստատություն հնարավոր էր կազմակերպել մոտ 30 րոպեի ընթացքում։

«Նշված բնակավայրերից մեկի բնակիչը, ում մոտ ախտորոշված է ասթմա, թեև ստանում է դեղորայքային բուժում, սակայն հիվանդության սրման դեպքում հրատապ հոսպիտալացման անհրաժեշտություն է առաջանում: Նախկինում կազմակերպվում էր անհապաղ տեղափոխում Կապանի բուժհաստատություն, իսկ Կապան-Ճակատեն ճանապարհի փակվելու պատճառով նախկին 30 րոպեի փոխարեն այժմ պահանջվում է մոտ 1,5-2 ժամ, որպեսզի հնարավոր լինի շտապօգնության մեքենայով անձին տեղափոխել Մեղրի»,–արձանագրել է Թաթոյանը։

Նա նկատում է` ճանապարհը, որ ներկայացվում է որպես այլընտրանքային տարբերակ, հատկապես եղանակային պայմանների, օրինակ` անձրևի պատճառով անանցանելի է դառնում։
Թաթոյանն ընդգծում է` ակնհայտ է, որ խոր աշնան և առաջիկայում ձմեռային եղանակային պայմանների պատճառով ճանապարհը լինելու է անանցանելի ու մարդիկ կկանգնեն լրջագույն խնդիրների առաջ. ճանապարհն առանց այն էլ դժվարանցանելի է:
ՀՀ ՄԻՊ–ը նշում է նաև, որ այլընտրանքային ճանապարհի հատվածի անանցանելիության պատճառով, օրինակ, հնարավոր չի եղել սահմանված ժամին մահացածի դին Կապանից տեղափոխել Ճակատեն, ինչի պատճառով հուղարկավորությունը տեղի է ունեցել զգալիորեն ուշ։