«Սուրմալու»-ի պայթյունի հետևանքով անհետ կորած համարվող քաղաքացիներից ևս մեկը նույնականացվել է. ԱԻՆ խոսնակ

Անհետ կորած համարվող քաղաքացիներից մեկը նույնականացվել է։ Մահացած քաղաքացին Գագիկ Կառլենի Կարապետյանն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը:

«Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 16 քաղաքացու մարմին, բոլորը նույնականացված են»,- գրել է Կոստանյանը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։

Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 16-ի ժամը 14։38-ին, մարվել՝ 17։49-ին։ Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների իրականացման տարածքը նախնական տվյալներով կազմում է մոտ 1 հա։ Փլուզվել է եռհարկանի շինության (2889 քմ) մեծ մասը և հարակից տարածքում գտնվող մի շարք տաղավարներ։

Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 16 քաղաքացու դի:

Երևան քաղաքի ԲԿ-ներ է դիմել 63 քաղաքացի, որոնցից 3-ը շարունակում է բուժում ստանալ, իսկ մնացածը ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել։

Փրկարարները փլատակներից դուրս են բերել 10 տուժածի։