«Սուրմալու» առեւտրի կենտրոնում նախորդ տարվա օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով մեղադրյալներից երեքն ազատության մեջ են, մեկը՝ կալանքի տակ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ մեղադրյալներից մեկի փաստաբանից:
Նա հայտնեց, որ առաջին ատյանի դատարանը 4-րդ մեղադրյալին ազատ արձակելու որոշում էր կայացրել, սակայն Վերաքննիչ դատարանը բեկանել է այն եւ կրկին կալանքի տարել:
Հիշեցնենք՝ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 357-րդ հոդվածի 2-րդ մասով (հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանք) եւ 165-րդ հոդվածի 2-րդ մասով (անզգուշությամբ երկու կամ ավելի անձանց կյանքից զրկելը)։
Նախաձեռնված քրեական վարույթով 4 մեղադրյալներից 1-ը «Երեւանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի (շահագործում է «Սուրմալու առեւտրի կենտրոնը) փոխտնօրենն է, 3-ը՝պահեստը շահագործող անձինք։
«Սուրմալու»-ում պայթյունի հետեւանքով զոհվել է 16 մարդ, մեկ քաղաքացի էլ համարվում է անհետ կորած։ ԱԻՆ–ը օգոստոսի 24–ին դադարեցրել էր քաղաքացու որոնողափրկարարական աշխատանքները։ Նրա մարմինը կամ էլ մասունքներն այդպես էլ չեն հայտնաբերվել։