Ստեփանակերտում Մոնթե Մելքոնյանի (Ավո) 65-ամյակին նվիրված միջոցառում է կայացել

Այսօր՝ նոյեմբերի 25-ին, Ստեփանակերտի Հայկ Բալասանյանի անվան համար 5 միջնակարգ դպրոցում Շուշիի տեխնոլոգիական համալսարանի կողմից կազմակերպվել է ՀՀ ազգային և Արցախի հերոս, լեգենդար զորահրամանատար, Մոնթե Մելքոնյանի (Ավո) 65-ամյակին նվիրված միջոցառում:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Շուշիի տեխնոլոգիական համալսարանի դասախոս Գայանե Սարգսյանը կարևորել է մատաղ սերնդի դաստիարակությունը Մոնթեի և մյուս հերոսների օրինակով:

«Իր քաջությամբ, զոհաբերությամբ, բոլոր մարդկային որակներով Ավոն ցույց տվեց, որ սիրում է իր ազգը:

Նա Հերոս է, ում կյանքն ու վարքը դեռ իր կենդանության օրոք դարձել են խրատ, առասպել: 

Նրա ամեն բառ ու միտք դարձել է թևավոր խոսք»,-հավելել է մեր զրուցակիցը:

Միջոցառմանը ցուցադրվել է Մոնթե Մելքոնյանի կյանքի ու գործունեության մասին պատմող տեսանյութ:

Այնուհետև ուսանողների և աշակերտների կատարմամբ հնչեցին ռազմահայրենասիրական երգեր, ասմունք: Ներկա էին տարբեր բուհերի դասախոսներ և ուսանողներ, ուսուցիչներ, աշակերտներ: