Ստեփանակերտում կայացել է «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցների նախագծերի ցուցահանդեսը
Այսօր՝ նոյեմբերի 13-ին, Ստեփանակերտի «Պոլ էլյուարի տուն» ֆրանկոֆոնիայի կենտրոնում տեղի է ունեցել «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցների ցուցահանդեսը:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցների սաները ցուցահանդեսին ներկայացրել են իրենց նախագծերը՝ ռոբոտներ, ավտոմատացման համակարգեր, եռաչափ տպիչով կամ ԹԿՀ հաստոցով պատրաստված ճարտարագիտական մոդելներ:
Արցախի Հանրապետության պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը շնորհակալություն հայտնելով ծրագրի նախաձեռնողներին, համոզմունք է հայտնել, որ «Արմաթը» համապատասխանում է երկրի պահանջներին և նպատակներին:
«Տարիների ընթացքում այն բավականին մեծ հեղափոխություն է կատարելու տնտեսական, անվտանգային, կառավարման ոլորտներում, մեր հասարակության համար: Անհրաժեշտ է հաջորդ տարի նշանակալի առաջընթաց ապահովել, նոր գործընկերներ ներգրավել, որպեսզի երեխաները ստանան բազային գիտելիք և կիրառեն մասնագիտական կողմնորոշման հարցում»,-հավելել է Ա. Բեգլարյանը:
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանն ի խոսքում նշեց, որ ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել «Արմաթ» ծրագիրը, կապ ստեղծել սաների միջև և բարձրացնել նրանց մոտիվացիան:
«Նման միջոցառումները կարևոր են մեր երկիրն ավելի ուժեղացնելու, մեր երեխաներին ավելի ժամանակակից կրթություն տալու համար: Ռոբոտներ, անօդաչու թռչող սարքեր, ծրագրեր ստեղծող սերունդը կունենա կայուն մասնագիտական ապագա: Մեզ համար կարևոր է, որ Հայաստանում և Արցախում բոլոր երեխաները հնարավորություն ունենան իրենց դրսևորելու տվյալ ոլորտում»,-ասել է Հ.Չոբանյանը:
ԱՏՁՄ-ի «Արմաթ» ծրագրի Արցախի համակարգող Լիլիթ Սողոմոնյանի խոսքով՝ Հանրապետությունում գործող 24 լաբորատորիաները երեխաների համար ինժեներական կրթություն ստանալու հնարավորություն են ընձեռում:
Ցուցահանդեսn ամփոփվել է Արցախի «SeRob»-ները խորագրով ռոբոտաշինության մրցույթով և մշակութային միջոցառմամբ: