Մայր Տաճարի հոգևոր հովիվ Տեր Մատթեոս քահանա Դրավանցը, անդրադառնալով տոնի խորհրդին, ասել է.
«Այսօր հավաքվել ենք եկեղեցում, որպեսզի ժամերգություն կատարենք, անենք բարեխոսությունը Սուրբ Սարգսի, ով հանդիսանում է նաև երիտասարդների, սիրահարների հովանավոր բարեխոսը։ Նա մշտապես Աստծո առջև բարեխոսում է բոլոր նրանց համար, ովքեր իրենց հույսը կապում են Արարչի հետ։ Ուստի, այսօր հիշատակում ենք այդ տոնը և խնդրում նրա բարեխոսությունը բոլորիս համար»։
Եկեղեցու հավատավոր Արթուր Գրիգորյանը «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ տոնը մեծ նշանակություն և խորհուրդ ունի, քանզի այն դարերի խորքից է եկել։
«Երիտասարդության հետ կապված ամեն ինչ շատ կարևոր է, որովհետև երիտասարդությունն է հասարակության շարժիչ ուժը։ Եվ եթե այդ շարժիչ ուժն ունի Աստծո օրհնությունը, ապա կարող է անել անգամ անհնարինը»,-հավելել է Ա. Գրիգորյանը։
Երեկոյան ժամերգության և երիտասարդների օրհնության կարգից հետո Մայր Տաճարի բակում տեղի է ունեցել տոնին նվիրված հոգևոր-մշակութային միջոցառում։