Սպիտակում կասեցվել է մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի  տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԻՎ 1 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հանրային սննդի օբյեկտում:

Ստուգման ընթացքում ակնհայտ է դարձել, որ մանկապարտեզի խոհանոցը գործում է սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով։

Մասնավորապես՝

- հանրային սննդի օբյեկտը ապահովված չէ ձեռքերի լվացման համար նախատեսված, լվացարաններով` ապահովված տաք և սառը ջրով, ձեռքերի լվացման ու ախտահանման միջոցներով և չորացման հիգիենիկ սարքերով: Առկա չէ նաև հումքի լվացման լվացարան.

- խոհանոցի հատակը չի գտնվում նորոգ վիճակում,

- խոհանոցի պատերը, առաստաղը, պահարանները, լվացարանի դռները չունեն հարթ մակերես, չեն գտնվում նորոգ վիճակում, հեշտությամբ մաքրվող չեն ու պատրաստված չեն անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերից։

Սննդամթերքի անվտանգությունը վերահսկող մարմինը կասեցրել է մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը և սահմանել ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։