Կոտայքի մարզում, հունիսի 15-ին, սպանություն է տեղի ունեցել. ժամը 23։00-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծավանդակի, որովայնի կտրած-ծակած բազմաթիվ վերքեր, արյունահոսություն, հեմոռագիկ շոկ՝ չորրորդ աստիճան, զարկերակային ճնշումը՝ չորոշվող, գիտակցության բացակայություն» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով վիրահատարանում. վիրասեղանի վրա մահացել է։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ սպանվածը Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի բնակիչ՝ 41-ամյա Սուրեն Դավթյանն էր։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ նա մահացու մարմնական վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 21։00-ի սահմաններում Գեղաշեն գյուղում գտնվող «Լույս գերեզման» կոչվող սրբատեղիում, որտեղ ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են դանակ (ըստ նախնական տեղեկությունների՝ հնարավոր է՝ դա հանցագործության գործիքը լինի), արնանման հետքեր, հագուստ, գարեջրի բացած շշեր։
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող քննիչի կողմից այդ ամենն առգրավվել է, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։
Հավի առնելով հանցագործութան վտանգավորության աստիճանը՝ դեպքի ժամանել է նաև Կոտայքի մարզի դատախազ Պետրոս Պետրոսյանը։
Ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել են նաև ենթադրյալ կասկածյալի ինքնությունը, ում տվյալները, նախաքննության շահերից ելնելով, այս պահին չենք հրապարակում։ Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ։