Սոթքում էլեկտրամատակարարումը և գազամատակարարումը հավանաբար օրվա ավարտին կվերականգնվի, խանութները վերսկսկել են աշխատանքը

Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սանձազերծած հարձակման հետանքով Վարդենիսի Սոթք գյուղում վնասված էլեկտրամատակարարումը եւ գազամատակարարումը օրվա ավարտին կամ վաղը կվերականգնվեն: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 19-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սոթքի վարչական ղեկավար Սեւակ Խաչատրյանը (ֆոտոռեպորտաժ):

«Երեկ եւ այսօր տարբեր մարզերից մասնագետներն աշխատանքներ են իրականացնում: Այս արագությամբ աշխատելու դեպքում մինչեւ օրվա վերջ, ամենաուշը՝ վաղը, էլեկտրամատակարարումը եւ գազամատակարարումը կվերականգնվեն: Նաեւ տարբերակ ենք քննարկում, որ դրանք վերականգնվեն թաղամաս առ թաղամաս »,- ասաց Խաչատրյանը:

Վարչական ղեկավարի խոսքով՝ մանկապարտեզը եւ դպրոցը դեռ չեն գործում, իսկ խանութները վերսկսել են աշխատանքները:  Այս պահին բնակիչների մեծ մասը գյուղ են:

«Գուցե կանանց մեծ մասը երեկոյան նորից հեռանան գյուղից: Մարդիկ գալիս են գյուղ՝ իրենց վնասները գնահատելու, ում վնասները քիչ են, արդեն իրենց բնականոն կյանքին են վերադառնում: Գյուղում տներ կան, որոնք վնասված չեն եւ հնարավոր է ապրել»,- նշեց Սեւակ Խաչատրյանը:

Վարչական ղեկավարի խոսքով՝ Սոթքում կա 240 տնտեսություն, բնակվում է մոտ 1034 մարդ: Վնասների գնահատման աշխատանքները մոտենում են ավարտին: Հստակ թվերը կնշվեն աշխատանքների ավարտից հետո. «Լինում է, որ վնասները մեր աչքից վրիպում են, բնակիչը մեզ ասում է, որ օրինակ իրենց տան պատը ճաքել է, մենք ավելացնում ենք: Հրետակոծության հետեւանքով նաեւ անասուններ են սատկել»:

Հիշեցնենք, որ երկու օր առաջ մեր նկարահանող խումբն այցելել էր Սոթք եւ զրուցել բնակիչների հետ: