Շուշիի մշակութային ժառանգությունը յուրացնելու և ոչնչացնելու ադրբեջանական քաղաքականության վերաբերյալ Ստեփանակերտում ասուլիս է կազմակերպվել
Երկու տարի առաջ այս օրը՝ 2020 թվականի հոկտեմբերի 8-ին, ադրբեջանական զինված ուժերը միտումնավոր թիրախավորեցին և երկու անգամ ռմբակոծեցին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այդ կապակցությամբ Ստեփանակերտի Պոլ Էլյուարի տուն ֆրանկոֆոնիայի կենտրոնում տեղի է ունեցել «Շուշիի մշակութային ժառանգության յուրացման և ոչնչացման ադրբեջանական քաղաքականությունը» խորագրով մամուլի ասուլիս, որը նախաձեռնել էին բուհի Կովկասագիտության կենտրոնը և Մշակութային ժառանգության հանրային խորհուրդը:
Կովկասագիտության կենտրոնի ղեկավար Հովիկ Ավանեսովն ընդգծեց, որ պատերազմական գործողությունների ընթացքում մշակութային ժառանգության դիտավորյալ ոչնչացումը ոչ միայն հանդիսանում է մշակութային ցեղասպանություն, այլև՝ ռազմական հանցագործություն,որն ամրագրված է միջազգային մի շարք կոնվենցիաներում և բանաձևերում:
Մշակութային ժառանգության հանրային խորհրդի նախագահ Սերգեյ Շահվերդյանի խոսքով՝ Շուշիի օկուպացումից հետո կորսվել է թանգարանային և արվեստի գործերի շուրջ 13 հավաքածու:
«Մշակութային ժառանգության հանրային խորհրդի հիմնական նպատակն է վերստեղծել ու վերականգնել այդ հավաքածուների ցանկերը: Բավականին մեծ դժվարությունների հանդիպեցինք դրանք վերականգնելու ճանապարհին,որովհետև Շուշիում են մնացել նաև թանգարանների ու հավաքածուների գրանցամատյանները և ամբողջ փաստաթղթերը,որոնց մեջ արտացոլված են դրանց բովանդակությունը»,-տեղեկացրել է Ս.Շահվերդյանը:
ԱՀ ԿԳՄՍ նախարարի խորհրդական, պատմաբան Մելանյա Բալայանը մեզ հետ զրույցում նշել է,որ այսօրվա քննարկումը ևս մեկ առիթ է՝ ոչ միայն անդրադառնալու 2020 թվականի հոկտեմբերի 8-ին տեղի ունեցած իրադարձություններին, այլև հետևություններ կատարելու հնարավորություն է:
«Նորություն չէ,որ մենք ապրում ենք այնպիսի մի ժողովրդի հարևանությամբ, որն ի սկզանե նպատակ է դրել նվաճել մեր տարածքներն ու ամբողջությամբ յուրացնել այն: Թուրքական այդ քաղաքականությունը, որն իրականացվում է ուշ միջնադարից սկսած, շարունակաբար և առ այսօր ձգվում է:
Հետևաբար պետք է մեր ճանապարհը ճիշտ կառուցենք,հասկանանք,թե ինչպես անցնենք այն,որպեսզի այն մեզ համար ավելի նախընտրելի արդյունքի հասցնի,մեզ ճիշտ ուղղությամբ տանի»,-ասաց պատմաբանը:
Մամուլի ասուլիսի վերջում բանախոսները պատասխանել են լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին