ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ շիշ բռնողը, քիչ առաջ փողոցում հափշտակել է «Հրապարակ» օրաթերթի լրագրող Անուշ Դաշտենցի հեռախոսը եւ դիմել է փախուստի։ Այս մասին գրում է Հրապարակ կայքը։
Հրապարակ կայքի լրագրող Անուշը տեսել է, որ ՔՊ-ականներն ու Հայկ Սարգսյանը հավաքված են Մաշտոցի պողոտայի իրենց շտաբի մոտ՝ «Կազիրյոկի» մոտ, մոտեցել եւ փորձել է հարց տալ, թե ինչպե՞ս կարող է մեկնաբանել, որ Ռուստամ Մուրադովը Մոսկվայի բանակցություններից ձեռնունայն է վերադարձել։ Հայկ Սարգսյանը ուժով խլել է հեռախոսը, փորձել է ջնջել տեսագրությունը, սակայն քանի որ հեռախոսի վրա կոդ է դրված եղել, չի կարողացել։ Ապա հեռախոսը ձեռքին նստել է մեքենան եւ հեռացել՝ ասելով, որ չի տալու։ Մեր գործընկերը տեղում հավաքված ՔՊ-ականներին ասել է, որ դիմելու է ոստիկանություն, ինչին ի պատասխան ՔՊ-ականները ծաղրելով ասել են, թե ո՞վ է տեսել, որ նման բան է եղել, որ մի հատ էլ կարողանա ապացուցել։