ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի - Sputnik, Արմենուհի Մխոյան. Շիրակի մարզում այսօր ընթացող ՏԻՄ ընտրությունների արդյունքում համայնքների խոշորացումից հետո կձևավորվի 5 համայնք՝ Աշոցք, Ամասիա, Ախուրյան, Արթիկ և Անի։ Սրանով պայմանավորված՝ որոշ համայքներում բավական թեժ պայքար է սպասվում:
Ընտրություններից հետո Արթիկի տարածաշրջանի 23 գյուղական բնակավայրեր կմիավորվեն Արթիկին: Այստեղ իշխանություն ձևավորելու համար պայքարող «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունը գլխավորում է Շիրակի մարզպետարանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Արսեն Աբրահամյանը, որը 2012-16թթ.-ին եղել է Արթիկի քաղաքապետը:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակն Ախուրյանում գլխավորում է Առափի համայնքի ղեկավար, ՕԵԿ կուսակցության անդամ Ալբերտ Այվազյանը, «Հաղթանակ» դաշինքը ղեկավարում է Մարմաշեն խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Արշակյանը: «Ախուրյան» դաշինքով էլ հանդես է գալիս Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավար, ՀՅԴ-ական Արծրուն Իգիթյանը:
Ի դեպ, Ախուրյան և Մարմաշեն համայնքները նախկինում արդեն իսկ խոշորացվել էին: Այս խոշորացումից հետո Ախուրյանը կմիավորի 35 բնակավայր: Ընտրողների թիվն այստեղ 31807 է:
Ամասիա վարչատարածքը կունենա 25 բնակավայր: Համայնքում ընտրապայքարի մեջ են ՀՀԿ-ն, որի ցուցակը գլխավորում է Ամասիայի համայնքապետի ղեկավարի օգնական Արթուր Մկրտումյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (ցուցակը գլխավորում է Արփի խոշորացված համայնքի ղեկավար Մերգել Ղարիբյանը):
Ընտրապայքարին մասնակցում է նաև Ամասիա խոշորացված համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը՝ «Ամասիա-Արփի» դաշինքով:
Աշոցքի նախկին տարածաշրջանը 2016թ.-ի խոշորացման ծրագրով բաժանվել էր երկու փնջի՝ Սարապատ (15 բնակավայր) և Աշոցք (11 բնակավայր): Այս անգամ ՏԻՄ ընտրություններով այս երկու բնակավայրերը ևս միավորվում են:
Աշոցք խոշորացվող համայնքում պայքարում է երկու կուսակցություն: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորում է Աշոցք խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանը, իսկ «Բարգավաճ Հայաստանը» ներկայացնում է Գոգհովիտ գյուղի միջնակարգ դպրոցի մանկավարժ Վարուժան Հարությունյանը:
Ընդհանուր առմամբ, Շիրակի մարզի 4 խոշորացվող բնակավայրի ավագանու 84 տեղի համար հայտ է ներկայացրել 489 թեկնածու:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին Հայաստանի 9 մարզի 36 համայնքներում ընթանում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։