Շախմատիստուհի Մարիամ Մկրտչյանը 4 անընդմեջ հաղթանակ է տարել Ռումինիայում ընթացող պատանիների աշխարհի առաջնությունում

Ռումինիայի Մամայա քաղաքում շարունակվում են մինչև 14, 16 և 18 տարեկան աղջիկների և տղաների շախմատի աշխարհի առաջնությունները:

Կայացած չորս տուրից հետո գերազանց է ելույթ ունենում 18-ամյա շախմատիստուհի Մարիամ Մկրտչյանը, որն իր տարիքային խմբում տարել է 4 անընդմեջ հաղթանակ և այժմ միանձյա գլխավորում է աղյուսակը: Այսօր կայանալիք 5-րդ տուրում նա սևերով կմրցի մոնղոլուհի Բատ-Էրդենե Մունգունզուլի հետ:

Հաջող է հանդես գալիս նաև 14-ամյա Անի Ավետիսյանը, որը հաղթանակ է տարել ընթացիկ տուրում և վաստակած 3,5 միավորով գտնվում է 5-րդ տեղում:

Հայաստանի պատանի շախմատիստներից շարունակում են վստահ հանդես գալ 18-ամյա Մամիկոն Ղարիբյանը և 16-ամյա Էմին Օհանյանն ու Արսեն Դավթյանը: Առաջինը 4-րդ տուրում տարել է թվով 3-րդ հաթանակը և այժմ 3,5 միավորով կիսում է 1-7-րդ հորիզոնականները: Այսօր նա սևերով կհանդիպի լեհ միջազգային վարպետ Յոնաս Բաումի հետ:

Էմին Օհանյանն ու Արսեն Դավթյանը նույնպես վաստակել են 3,5-ական միավոր, սակայն դեռևս հետ են մնում ուկրաինացի Արտեմ Լուցկոյից, որն ունի 100 տոկոսանոց արդյունք: Հինգերորդ տուրում նրանք կմրցեն բուլղարացի Նիկոլա Կանովի և ֆրանսիացի Տիմոտի Ռազաֆինդրացինայի հետ:

Առաջնություններն անցկացվում են շվեյցարական մրցակարգով և բաղկացած են 11 տուրից: