«Սևան» ֆուտբոլային ակումբի նախագահը ակումբի ֆեյսբուքյան էջի միջոցով բանավեճի է հրավիրել ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին։
Դեկտեմբերի 20-ին ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն ասուլիսի ժամանակ խոսեց առաջնությունից դուրս եկած թիմերի մասին։ 2021/22 մրցաշրջանը VBET Պրեմիեր լիգան ավարտին չհասցրած «Սևան» ֆուտբոլային ակումբի վերաբերյալ խոսելիս ՀՖՖ նախագահը նշեց, որ ակումբը դիմել է մանիպուլյացիաների ու ընդամենն ամպագոռգոռ հայտարարություններ կատարել։
«Մելիքբեկյան Արմենը, ինքը լինելով մանիպուլյացիայի մեծ վարպետ և ուսուցիչ, ուրիշներին է մեղադրում այդ գործում, բայց ամբողջ ասուլիսի ընթացքում հաջողությամբ և սառնասրտորեն մոլորեցրեց ֆուտբոլասեր հանրությանը իր ոչ ճիշտ պատասխաններով և սուտ խոստումներով։ Եթե Մելիքբեկյանն իրոք արդար է և պատրաստ է ազնվորեն խոսել ֆուտբոլային հանրության առաջ, ապա Արմեն Մելիքբեկյանին հրավիրում եմ ուղիղ եթերով բանավեճի իր նախընտրած հեռուստաալիքով, իր նախընտրած տեղում, իր նախընտրած մարդկանց ուղեկցությամբ, իր նախընտրած ֆորմատով, իր նախընտրած հաղորդավարով»,– հայտարարել է ակումբի նախագահը։
Օրվա և ժամի ընտրությունը «Սևան» ՖԱ–ի նախագահը թողել է Մելիքբեկյանի հայեցողությանը։