«Սարսափելի պատերազմական հանցագործություն է»․ Human Rights Watch-ն ուսումնասիրել է հայ ռազմագերիների սպանության տեսանյութը

Human Rights Watch կազմակերպությունն անդրադարձել է ադրբեջանցի զինվորականների կողմից հայ ռազմագերիների մահապատժի տեսագրությանը՝ հոդվածում նշելով, որ դա պատերազմական հանցագործություն է, որի համար պետք է մեղավորները պատասխանատվության ենթարկվեն, և Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն, որ իրենց դատախազության կողմից բացված հետաքննությունն արդյունավետ լինի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կազմակերպությունը վերլուծության է ենթարկել նշված տեսանյութը։ «Հանձնված զինվորների սպանությունը սարսափելի պատերազմական հանցագործություն է», – ասել է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Հյու Ուիլյամսոնը:

Նա նաև նշել է, որ զինվորները գերի էին ընկել և վայր դրել զենքերը և նրանց գերեվարողները պարտավոր էին նրանց մարդասիրաբար վերաբերվել, փոխարենը, ակնհայտորեն ադրբեջանական ուժերը սառնասրտորեն գնդակահարել են նրանց։ Նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն։ 

Human Rights Watch-ը ստուգել է 40 վայրկյան տևողությամբ տեսանյութը մի շարք տեխնիկաների միջոցով, այդ թվում՝ խորհրդակցելով զենքի և բժշկական փորձագետների հետ, վերլուծելով տեսանյութում լսվող լեզուն և օգտագործելով հակադարձ որոնման պատկերների համակարգեր՝ պարզելու, թե արդյոք տեսանյութը տեղադրվել է առցանց մինչև սեպտեմբերի կեսը։ Առողջապահության և մարդու իրավունքների ոլորտում փորձագետ Ռոհինի Հաարը, ով Կալիֆորնիայի համալսարանի հանրային առողջության դպրոցի դոցենտ պրոֆեսոր է, Human Rights Watch-ին ասել է, որ կայուն մոտ հեռավորությունից ավտոմատ հրացանի կրակից ողջ մնալու հավանականությունը ցածր է: