ՔԿ խոսնակի նշած հոդվածի վերլուծությունն ընդամենը ցույց է տալիս, որ սա հերթական դրսևորումն է, երբ ընդդիմադիր հանրային գործչին ազատությունից զրկում են խոսք արտահայտելու համար։ Այստեղ խոսքն ինչ-որ բան անելու մասին չէ, խուլիգանության հոդվածն են մեջբերում։ Այս մասին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով Նարեկ Սամսոնյանի ձերբակալությանը։
Ինչպես նշեց Մելիքյանը՝ իր կարծիքով Քննչական կոմիտեն Նարեկ Սամսոնյանի վրա կարում է ՀՀ ՔՕ 297-րդ հոդվածը, մասնավորապես՝ ծանրացնող հանգամանքներով խուլիգանության հոդվածը, որը ենթադրում է նաև ազատազրկում՝ մինչև 5 տարի ժամկետով։
«Հավանաբար վերցրել են «Իմնեմնիմի» հաղորդումը, որը շատ մեծ մասսայականություն էր ստանում, դրա անունը դնում են խուլիգանություն և մարդկանց են ձերբակալում, տվյալ դեպքում՝ Նարեկ Սամսոնյանին։ Հոդվածի բովանդակություն եթե կարդաք, պարզ կլինի, որ խոսը վերաբերում է ոչ միայն Նարեկ Սամսոնյանին», - շեշտեց փաստաբանը։
Ռուբեն Մելիքյանի խոսքով՝ Սամսոնյանը ձերբակալվել է ոչ թե գողության, բռնության կամ բռնության կոչերի համար, այլ վերոնշյալ հաղորդաշարը փակելու նպատակով և այդ հաղորդման բովանդակության համար։
«Հետաքրքիր զուգադիպությամբ սա անմիջապես հաջորդել է Նարեկ Սամսոնյանի նկատմամբ քրեական գործով արդարացման հերթական դատական ակտն», - հավելեց փաստաբանը՝ շեշտելով, որ սա ուղիղ հարված է ընդդիմադիր խոսքին և քաղաքական ռեպրեսիա է։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուբեն Մելիքյանը գրել էր, որ շատ կոշտ ձևով ձերբակալել են «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի նախագահ Նարեկ Սամսոնյանին:
ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանն իր հերթին իր ֆեյսբուքյան էջում մանրամասներ է ներկայացրել Նարեկ Սամսոնյանի ձերբակալության մասին՝ հայտնելով, որ վերջինս ձերբակալվել է ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով քննվող քրեական վարույթի շրջանակներում։
Նշենք, որ այդ Քրեական օրենսգրքի այդ հոդվածը վերաբերվում է խուլիգանությանը: Հոդվածի 2 մասի առաջին և երրորդ կետերը վերաբերում են խուլիգանությանը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով: