«Ողջ հանրապետությունով աշխատենք պատգամավոր պահելու համա՞ր․ սա ձեռ անելիք է սեփական ժողովրդին»․ նորընտիր պատգամավոր
Ազգային ժողովն արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունեց իշխանական պատգամավորների հեղինակած նախագիծը, որով յուրաքանչյուր պատգամավորի ծախսերի համար հատկացվող ամսական գումարը 50 հազար դրամից կդառնա 250 հազար դրամ։
Նորընտիր պատգամավոր Արա Մելիքջանյանն հայտնեց, որ չի մասնակցել քվեարկությանը, դուրս է եկել դահլիճից, որը ևս աղմկահարույց այս նախագծի դեմ բողոքի մի ձև է։
«Սա սխալ որոշում է՝ ոչ տեղին ու ժամանակին։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հետպատերազմյան Հայաստանն այլևս նախկինը չէ և շատ ու շատ լրջագույն խնդիրներ կան մեր երկրի առջև ծառացած, բոլոր միջոցները պետք է ուղղվեն այդ խնդիրների հրատապ կարգավորման համար, այլ ոչ թե պատգամավորների ամսական ծախսի վրա։ Առաջնային խնդիրն այսօր սահմանների, առաջնագծի կահավորումն է, զինվորների առաջին անհրաժեշտության, կենսական նշանակություն ունեցող իրերի, կոմունիկատիվ բնույթի միջոցների ապահովումն է։ Սա ամենակարևորն է, այսօր սահմանն ավելի երկարել է ու այդ սահմանի պահպանության առումով մենք լրջագույն խնդիրներ ունենք։ Անընդհատ աճող գործազրկության ֆոնին, չնվազող աղքատության ֆոնին նման ծախսեր․․․»,-ասում է պատգամավորը։ Պատգամավորի համար առնվազն տարօրինակ է, որ ասենք փակվում է առանցքային նշանակություն ունեցող մի կառույց՝ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ը, բայց դրա փոխարեն պատգամավորների ծախսեր են ավելացնում: